Չլինի Արցախը, Հայաստանի վրա են հարձակվելու․ Հայկազ Մկրտչյանը կդառնար 24 տարեկան
«․․․ Եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու․․․»․ 44- օրյա պատերազմի մասնակից Հայկազ Մկրտչյանի տողերն են, որ հենց պատերազմի օրերին է գրել։ Հայկազը մեկ տարի է խաղաղ ծառայել, որից հետո հասցրել է 2 պատերազմի մասնակցել։ Առաջինը՝ 2020 թվականի հուլիսին, երբ Տավուշի սահմանին ռազմական գործողություններն էին։ Արկի պայթունին անսովոր զինվորը ժամերի ընթացքում սովորեց դրանց դեմն առնելու ճիշտ ձևը՝ ավագ ընկերների, զինակիցների շնորհիվ։ Այսօր Հայկազի ծննդյան օրն է։ Քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, եղբոր նկարները, նամակները բացել ու կիսվել հուշերով։
«Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում: Բա դրանից ավելի լավ բան կա՞․ իրենց համար ո՞նց չկռվենք»:
Այս տողերը հուլիսին էր գրել Հայկազը։ Սիրահարվել էր Տավուշի բնությանը, մարդկանց ու բարբառին։ Մի քանի օր տևած պատերազմից հետո զինակիցների հետ հասկացել էին՝ կարող են թշնամու հետ հաղթանակի լեզվով խոսել։ Հենց այդ ոգևորությունն ու համոզմունքն էր նրան ուժ տալիս արդեն սեպտեմբերյան գործողությունների ժամանակ։ 44-օրյայի ժամանակ անհանգիստ էր, որ Արցախում չէր, մինչդեռ հազարավոր տղաներ անմիջապես արկերի պայթունների տակ են՝ թշնամուն դեմառդեմ։
Ասում էր. «․․․ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»:
Թշնամին մտավ Արցախ, բայց Հայկազը չտեսավ խայտառակ պարտությունն ու Արցախի կորուստը։ Պատերազմի օրերին տեսավ չքնաղ Հադրութը, Մարտունին ու Արցախի այլ շրջաններ ու գյուղեր։ Պատերազմից 17-րդ օրը հոկտեմբերի 14-ին, նրանց մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան։
«Անասելի երջանիկ էր, որ մարտի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին, և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ էր։ Պատերազմի ավարտից հետո ուզում էր Արցախում ապրել։ Երազանքն անկատար մնաց»,- ասում է քույրը։
Մինչև Հոկտեմբերի 29-ը նրանց մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, հերթական տեղափոխման ժամանակ թշնամու բայրաքթարը ֆիքսեց նրանց ու չխնայեց։
«Հայկազը ապրելու համար 12 օր շարունակ պայքարել է վերակենդանացման բաժանմունքում»,- պատմում է քույրը։
Հայկազը վերակենդանացման բաժանմունքում նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ ժամ առաջ է մահացել՝ այդպես էլ չիմանալով Արցախի կորստի մասին։
«Եղբայրս Մարտական ծառայություն մեդալ ունի։ Արցախից միշտ ուրախ էր զանգում, աշխարհն իրենն էր, որ այնտեղ էր։ Ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն հայրենիքի»,- հիշողությունների միջից ժպտալով պատմում է Արևիկ Մկրտչյանը։
«․․․էսքան կռվել եմ, որ գնա՞մ ուրիշ տեղ ապրել: Կարող է մի 2 ամիս առաջ ես էլ ասեի, որ պետք է գնալ, ուրիշ տեղ ապրել, բայց էսքանից հետո հաստատ չէ: Ու երբ զորացրվեմ, հանկարծ մի բան լինի, հաստատ գալու եմ․․․»։
Քրոջ երազներում եղբայրն իրենց տանն է՝ հույս տվող ժպիտով։ Ֆիզիկական բացակայությամբ եղբոր 24-ամյակը նշելը անպատկերացնելի զգացում է․․․