Ադրբեջանի և Եվրոպայի միջև գազային գործարք չի նախատեսվում. Reuters
Եվրոպական ընկերությունները չեն մոտենում գործարքին, որը կփոխարինի ռուսական գազի ներկրումն Ուկրաինայով Ադրբեջանից մատակարարմամբ, հայտնել է Սլովակիայի պետական սեփականություն հանդիսացող SPP գազի գնորդը՝ հերքելով ԶԼՄ-ների հաղորդագրությունը, ըստ որի գործարքը մոտ է:
Մոսկվայի և Կիևի միջև ընթացիկ հնգամյա համաձայնագիրը Ուկրաինայով Եվրոպա ռուսական գազի արտահանման վերաբերյալ ավարտվում է տարեվերջին՝ ստիպելով Եվրամիությանը փնտրել գազի այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում՝ Ադրբեջանից՝ միաժամանակ բանակցություններ վարելով երթուղին պահպանելու համար։
«Մենք պարբերաբար քննարկում ենք այդ թեման մեր գործընկերների հետ, սակայն SPP-ի մասնակցությամբ գազի մատակարարման պայմանագրի առաջիկա կնքման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – նշվել է Reuters-ին ուղարկված SPP-ի հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի պետական «Նաֆտոգազ» էներգետիկ ընկերությունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին, մինչդեռ ուկրաինական էներգետիկ արդյունաբերության աղբյուրը հերքել է տեղեկությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես թերահավատորեն է վերաբերել գործարքին.
«Այժմ չեմ կարող ասել, թե ինչպես կշարունակեն զարգանալ իրադարձությունները, ինչպես են շարունակվելու ապահովել մատակարարումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է երկարաձգել այս համաձայնագիրը,»,- նշել է նա։