Վրաստանը չի հանդուրժի ԵՄ-ի շանտաժները. Թբիլիսիի քաղաքապետ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քննադատել է երկրի վրա արևմտյան ճնշումները: Նա հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար ֆինանսական օգնությամբ կամ թեկնածուի կարգավիճակով շանտաժ անելն անընդունելի է:
«Մե՛կ փողով շանտաժը, մե՛կ թեկնածուի կարգավիճակով շանտաժը, մե՛կ բանակցություններ սկսել- չսկսելու շանտաժը մեզ համար կտրականապես անընդունելի են։ Մենք բարեկամություն և գործընկերություն ենք ուզում, բայց իրավահավասարության պայմաններում»,- Կալաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Մեկնաբանությունը հնչել է Գերմանիայի կողմից 237 մլն եվրո արժողությամբ նախագծերի կասեցման ֆոնին, ինչը, Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի խոսքով, կապված է եվրաինտեգրումից երկրի նահանջի և բողոքի ցույցերի ճնշման հետ:
Կալաձեն հավելել է, որ իշխանությունները պատրաստ են փոխհատուցել հնարավոր կորուստները:
«Եթե որոշակի ոլորտների աջակցելու անհրաժեշտություն կա, այսօր Վրաստանի բյուջեն պատրաստ է օգնել։ Մենք միշտ լինելու ենք ժողովրդի կողքին»,-ասել է նա։