
Կապիտուլյացիան կարող է լինել «սողացող». ի՞նչ շերտեր ունի խաղաղությունը
Խաղաղության մասին խոսելը, բանակցելը, երկուստեք տարածաշրջանի խաղաղության տեսլականի մասին խոսելը՝ կայուն զարգացում ապահովելու համար, մի բան է, խաղաղության մասին մեկի հարկադրանքով խոսելը՝ բոլորովին այլ բան. ABC media-ի եթերում հեռարձակվող «Հատուկ ռեժիմ» փոթքասթի ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Խաղաղության հասնելու համար նա կարևորել է այն մթնոլորտը, որում համաձայնեցվում են այդ խաղաղության դրույթները:
Քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանն էլ համակարծիք է՝ եթե խոսքը խաղաղության միակողմանիության մասին է, ուրեմն գործ ունենք պարտադրանքի հետ:
«Դա խաղաղություն չէ. կարող ենք չասել «կապիտուլյացիա», բայց ասենք՝ «ոչ խաղաղություն»,-ասել է Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ասվածի տակ կարելի է 3 շերտավորում առանձնացնել՝
Կապիտուլյացիա,
Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն՝ հակամարտության սառեցում՝ մի քանի տասնամյակով,
Կոնտր հարված:
«Խաղաղությունը կարող է լինել իրական, երկարաժամկետ և փոխանցվել սերունդներին, եթե գոնե կարմիր գծերի մակարդակով երկու կողմերի շահերն էլ արտացոլված են»,֊ասել է Կարեն Բեքարյանը:
Աբրահամ Գասպարյանն էլ հավելել է, որ հատկապես մեր տարածաշրջաններում չենք կարող չդիտարկել նաև արտաքին գործոններն ու ուժային կենտրոնների շահերը:
Կարեն Բեքարյանը խոսել է նաև Ադրբեջանի՝ Հայաստանից հնարավոր ֆինանսական փոխհատուցման պահանջի մասին` նշելով, որ տարբեր թվեր են հնչում՝ 50-ից 75 միլիարդ դոլարի փոխհատուցման մասին:
«Հայաստանը այդ պարտքը տալու ոչ մի հնարավորություն չի ունենալու ոչ միայն մի քանի տարում, այլ տասնամյակներում, եթե չասենք հարյուրամյակներում: Հետևաբար Հայաստանի հետ պետք է քմծիծաղով կնքել նոր գործարք՝ հող պարտքի դիմաց: Այդ հողի պարագայում էլ մարդիկ անգամ քարտեզներով նախանշում են, որ դա վատագույն դեպքում Սյունիքն է, Վայոց Ձորն է և էլի ինչ-որ բաներ, «լավագույն դեպքում» Սյունիքն է հաստատ»,-ասել է Բեքարյանն ու հավելել, որ եթե սեփական քաղաքացիների իրավունքի հարցը չես կարողանում լուծել, ի՞նչ է տեղի ունենալու «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո ադրբեջանցիների միակողմանի վերադարձի դեպքում:
Մասնագետների խոսքով՝ կապիտուլյացիաները կարող են լինել սողացող: «Անպայման չէ՝ հենց միանգամից հայտարարված ու սպիտակ դրոշի տեսք ունենա»,-ասել է Բեքարյանը։
Գասպարյանն էլ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որը 30 տարվա ընթացքում սողացող կապիտուլյացիայի բազմաթիվ օրինակներ է մեզ ցույց տվել ու խոսել Թուրքիայի նկրտումների մասին:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: