24 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, Փաշինյանը՝ փակում Արցախի թեման, իսկ աշխարհը հիշատակում է Ցեղասպանության զոհերին․ Hyperallergic

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, Փաշինյանը՝ փակում Արցախի թեման, իսկ աշխարհը հիշատակում է Ցեղասպանության զոհերին․ Hyperallergic

Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպության ստացած արբանյակային լուսանկարները հաստատել են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, քանդվել է վերջին 8 շաբաթվա ընթացքում։ Եկեղեցու քանդման մասին լուրը սոցցանցերում տարածել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը երեքշաբթի՝ ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ։

Չնայած գործակալությունն իր հաղորդագրության մեջ չի կիսվել լուսանկարներով, CHW-ի հետազոտողները կարողացել են մեկ օրվա ընթացքում գտնել հաստատող ապացույցներ՝ Sentinel-2 արբանյակից մարտի 3-ին և ապրիլի 2-ին նկարահանված լուսանկարների միջոցով․ գրում է մշակութային խնդիրներ ուսումնասիրող, հայերի հիմնած Hyperallergic հրատարակությունը։

Ինչպես նշվում է, ի տարբերություն դարավոր եկեղեցիների և գերեզմանատների, որոնք վնասվել, յուրացվել կամ ոչնչացվել են ադրբեջանական ռեժիմի կողմից 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 130․000 հայերի բռնի տեղահանումից հետո, Սուրբ Աստվածածին եկեղեցին օծվել է 2019 թվականին՝ 12 տարվա շինարարությունից հետո: 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, եկեղեցին ծառայել է որպես ռմբապաստարան ադրբեջանական ռմբակոծության ժամանակ։

Գիտնականները զգուշացրել են, որ Ադրբեջանի կողմից այս վայրերի նպատակային ոչնչացումը, որն արագացել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի շրջանի գրավումից հետո, հավասարազոր է «մշակութային ցեղասպանության»:

Ինչպես նշվում է, ավերման մասին վերջին լուրը հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականից հետո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով: Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և նրա կնոջն ուղեկցելիս Գզոյանը Վենսին էր նվիրել Արցախի մասին գիրք, որը Փաշինյանը մեկնաբանել է որպես «անվտանգության խնդիր»։

Հունիսի 7-ին կայանալիք վերընտրության քարոզարշավի ընթացքում Փաշինյանը, որին վաղուց մեղադրում են 33-ամյա ինքնավար պետության լուծարման համար, բազմիցս կրկնել է, որ Արցախի շուրջ հետագա երկխոսությունը սպառնում է 2025 թվականի խաղաղության համաձայնագրին, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ճանաչել միմյանց (նորահաստատված) տարածքային ամբողջականությունը:

Ապրիլի 20-ին Փաշինյանն ընդգծել է, որ «Ղարաբաղի թեման», ինչպես նաև տարածաշրջան հայ բնակչության վերադարձի իրավունքի շուրջ բանակցությունները փակված են։

Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր հաստատություններ և անհատներ կհիշատակեն Հայոց ցեղասպանության՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանության զոհերին, ինչը Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները շարունակում են ժխտել մինչ օրս։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026