
Ի՞նչ որոշեց ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ
ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը. «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրությանը։
Նիստը վարում էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հանրապետություն» կուսակցությունից մասնակցում էին Գրիգոր Առաքելյանն ու Անի Խաչատրյանը, փաստաբանը Տիգրան Եգորյանն էր։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ներկա էին Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը, փաստաբանը՝ Էդուարդ Հովհաննիսյան։
Երբ ԿԸՀ-ն պահանջեց միջնորդությունը հիմնավորող փաստեր ներկայացնել, Գրիգոր Առաքելյանը նշեց որ իր տպավորությամբ գտնվում են ոչ թե ԿԸՀ-ում, այլ դատարանում։
«Ի՞նչ նկատի ունեք փաստ ասելով։ Մեր ընկալմամբ՝ մենք դատարանում չենք և խոսում ենք հանրային տիրույթում գտնվող հրապարակումների և տպավորությունների մասին։ Եվ դրանք, ըստ էության, կարող են փոխել ընտրության ընթացքը»,- ասաց Առաքելյանը։
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին պահանջում էր անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը։
ԿԸՀ-ում հարցի քննարկումը տևեց ավելի քան երկու ժամ։


