
Ովքե՞ր են ՍԴ նախագահի թեկնածուները
Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ չկարողացավ ՍԴ նախագահ ընտրել։
Թեկնածուներ են դատավորներ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ 1-ին թեկնածուին առաջադրել է դատարանը, 2-րդն ինքնաառաջադրվել է։
Ովքե՞ր են թեկնածուներն ու ինչո՞վ են հայտնի։
Էդգար Շաթիրյան։ Նա Կառավարության առաջադրած դատավորն է։
ՍԴ է եկել 2020-ին։ Նախկինում զբաղվել է հակակոռուպցիոն և էթիկայի համակարգերի ձևավորմամբ։
Էդգար Շաթիրյանը Սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրվեց 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ՍԴ աշխատակարգային նիստում։ Սահմանադրական դատարանի դատավոր է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից։ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել էր Փաշինյանի գլխավորած կառավարությունը։
Շաթիրյանը մինչ ՍԴ տեղափոխվելը դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2002-2005-ին աշխատել ՀՀ նախագահի աշխատակազմում, 2007-ին արդեն Սահմանադրական դատարանի խորհրդական էր։ Նրա կենսագրության հետաքրքիր դրվագներից մեկը կապված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ 2019 թվականին «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ նա ընտրվեց հանձնաժողովի անդամ և առաջադրեց նաև նախագահի պաշտոնում։ Սակայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որից հետո Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց հանձնաժողովի անդամի պաշտոնից՝ ընդգծելով, որ իր որոշումը կապված չէ նախագահի պաշտոնում չընտրվելու հետ։ Շաթիրյանին հաճախ ասոցացնում են իշխանության հետ, քանի որ Կառավարության առաջադրած թեկնածուն է։ Բայց ավելի շատ մյուս թեկնածու Վլադիմիր Վարդանյանն է ասոցացվում իշխանության հետ։
Նա ՔՊ-ական պատգամավոր էր։ Դատավոր ընտրվելուց մի քանի օր առաջէր դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ի՞նչ ուղի է ունեցել ՍԴ նախագահի ինքնաառաջադրված թեկնածուն մինչ պատգամավոր դառնալը։
Վլադիմիր Վարդանյանը 2003 թվականից աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում, 2005-2020 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, իսկ 2016-2019 թվականներին ղեկավարել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը։ 2019 թվականին «Իմ քայլը» խմբակցությունից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, 2021 թվականին, վերընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Երկու գումարումներում էլ ղեկավարել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
2026 թվականի մարտի 25-ին Վահագն Խաչատուրյանի առաջարկությամբ ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Վարդանյանին իշխանության հետ կապող հիմնական հանգամանքը նրա երկարամյա քաղաքական գործունեությունն է՝ որպես իշխող ուժի պատգամավոր և խորհրդարանական հանձնաժողովի նախագահ։
2026 թվականի հոկտեմբերին նա առաջադրվել է ՍԴ նախագահի պաշտոնում, սակայն հոկտեմբերի 14-ի քվեարկությամբ ո՛չ նա, ո՛չ մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, անհրաժեշտ ձայները չեն ստացել։
Հանրության շրջանում իշխանահաճո դատավորի տպավորություն ստեղծած երկու դատավորներից ոչ մեկը չեն ընտրվել անգամ երկրորդ փուլից հետո։


