16 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի դոնորն ունի խոշոր ակտիվներ ՀՀ-ում և բիզնես-գործունեության պատմություն ՌԴ-ում․ ո՞վ է Սոկոլովը

Թրամփի դոնորն ունի խոշոր ակտիվներ ՀՀ-ում և բիզնես-գործունեության պատմություն ՌԴ-ում․ ո՞վ է Սոկոլովը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կովկասում 201 միլիոն դոլարանոց ներդրումային հիմնադրամը ղեկավարելու համար ընտրված անձն այդ տարածաշրջանում հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում խոշոր ակտիվներ ունի։ Նա նախկինում ղեկավարել է Ռուսաստանի ուղղությամբ կենտրոնացած մի ներդրումային ընկերություն, որը հայտարարում էր Կրեմլի հետ սերտ կապերի մասին. գրում է Reuters-ը՝ հղում ունելով իր իսկ ուսումնասիրած փաստաթղթերին։

Փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանում ծնված 51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել է ներդրումային կառույցի՝ այժմ «Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամ» (Trans-Caspian Enterprise Fund) կոչվող կառույցի ղեկավար։

Ըստ Reuters-ի տվյալների՝ նա խոշոր բաժնեմասեր ունի Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «Վիվա Արմենիա»-ում (Viva Armenia), իսկ այս տարվա սկզբին ձեռք է բերել Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրը՝ դրա համար ԱՄՆ կառավարությունից հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Reuters-ի ուսումնասիրած հանրային փաստաթղթերը, որոնք վերաբերում են ներկայում գործող մյուս երեք ամերիկյան ձեռնարկատիրական հիմնադրամներին, ցույց են տալիս, որ դրանց ղեկավարներից ոչ մեկը խոշոր ներդրումներ չունի այն երկրներում, որտեղ գործում են այդ հիմնադրամները։ Ըստ էթիկայի հարցերով 6 փորձագետի, որոնք ծանոթացել են Reuters-ի նյութերին, Սոկոլովի գործարար շահերը շահերի բախում են առաջացնում, քանի որ նրա պաշտոնը նրան հնարավորություն է տալիս տնօրինել կառավարական միջոցները, ինչը կարող է օգտակար լինել նրա սեփական ընկերությունների համար։

Սանտա Կլարա համալսարանի էթիկայի հարցերով փորձագետ Էնն Սքիթը նշել է. «Կարծում եմ՝ Կոնգրեսը պետք է հարցեր բարձրացնի»։ Reuters-ը չի հայտնաբերել որևէ ապացույց, որ Սոկոլովը որևէ ոչ իրավաչափ գործողություն է կատարել։ Նման ներդրումային հիմնադրամները կարգավորող ԱՄՆ օրենսդրությունը տնօրեններին չի արգելում ներդրումներ ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ գործունեություն են ծավալում։

Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ ձեռնարկատիրական հիմնադրամը կկատարի տարեկան հաշվետվությունների ներկայացման և անկախ աուդիտի պահանջները, «ինչպես նաև կհետևի դրամաշնորհներին վերաբերող դրույթներին, այդ թվում՝ շահերի բախմանը վերաբերող պահանջներին»։

Սոկոլովը ներառված է եղել Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագծին աջակցած 37 կորպորատիվ և անհատ նվիրատուների ցանկում, որը Սպիտակ տունը հրապարակել էր անցյալ տարի։ The Washington Post-ը հինգշաբթի հայտնել է, որ Սոկոլովը նախագծին նվիրաբերել է 1 միլիոն դոլար։ Ըստ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Սոկոլովը նաև մոտ 13 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետական քաղաքական խմբերին։

«Անդրկասպյան հիմնադրամը» (Trans-Caspian fund) ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առևտրային ուղիների ու ներդրումների զարգացմանն ուղղված ավելի լայն նախաձեռնության մաս է։ Այս ջանքերը կարող են նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ռուսական և չինական ենթակառուցվածքներից։ Սոկոլովի գլխավորած «Անդրկասպյան հիմնադրամի» խորհուրդն իրավասու է դրամաշնորհներ տրամադրել, վարկեր տալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Հիմնադրամի կայքում որպես ներդրումային առաջնահերթություններ նշված են կարևորագույն հանքանյութերը, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքները։

Սոկոլովի անձնական կայքում տեղադրված կենսագրության մեջ նշվում է Սանկտ Պետերբուրգում նրա համեստ դաստիարակության և խորհրդային իշխանության հանդեպ ունեցած հակակրանքի մասին։ Կենսագրության համաձայն՝ նա արտագաղթել է Միացյալ Նահանգներ 21 տարեկանում՝ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց։ Սակայն, ըստ Reuters-ի ուսումնասիրած կորպորատիվ և պետական փաստաթղթերի, Ռուսաստանի հետ նրա կապերը պահպանվել են նաև երկրից հեռանալուց երկար ժամանակ անց։ Reuters-ին հարցազրույց տված էթիկայի հարցերով 2 փորձագետ նշել է, որ գործարարի՝ Ռուսաստանի կառավարության հետ ենթադրյալ կապերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն՝ համոզվելու համար, որ հիմնադրամի կառավարման գործընթացում առաջնահերթությունը տրվում է ԱՄՆ շահերին։

Reuters-ն ուսումնասիրել է 2015 թվականին թողարկված մի գովազդային բրոշյուր, որը վերաբերում էր Լիխտենշտեյնում գրանցված, այժմ գործունեությունը դադարեցրած «Գոթհարդ» (Gotthard) ներդրումային հիմնադրամին։ Այն մասնագիտացած էր Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելու գործում։ Բրոշյուրում Սոկոլովը նշված էր որպես հիմնադրամի կառավարիչ, իսկ հիմնադրամի առավելությունների շարքում ընդգծվում էին «Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և դաշնային իշխանությունների հետ վերջին 20 տարվա ընթացքում ձևավորված անձնական և մասնագիտական ամուր ու երկարատև վստահության հարաբերությունները»։

Հիմնադրամի նախկին ծրագրերի ղեկավարներից մեկը, որ Reuters-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, հաստատել է բրոշյուրի իսկությունը։ Սոկոլովի փաստաբանները հայտարարել են, որ Սոկոլովը «չի հավատում», թե բրոշյուրն իսկական է, և որ դրա վրա պատկերված տարբերանշանը նման չէ հիմնադրամի կողմից օգտագործվող տարբերանշանին։

«Պարոն Սոկոլովը որևէ կապ չունի Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների կամ ռուսական կառավարության հետ»,- Reuters-ին հայտնել է նրա ներկայացուցիչը՝ հավելելով, որ «նա Ռուսաստանի քաղաքացիություն չունի»։

Reuters-ը չի կարողացել անկախ աղբյուրներից հաստատում ստանալ, որ Սոկոլովն այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Ըստ Reuters-ի ուսումնասիրած ճամփորդական փաստաթղթերի՝ Սոկոլովը դեռևս 2016 թվականին միջազգային ուղևորությունների համար օգտագործել է ռուսական անձնագիր։

Սպիտակ տունը Սոկոլովի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցումները վերահասցեագրել է Պետդեպարտամենտին։ Պետդեպարտամենտը մանրամասներ չի հայտնել Սոկոլովի անցյալի ստուգման (background check) կամ այն մասին, թե արդյոք նա ունեցել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիության թույլտվություն։ Երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել Սոկոլովի հետ կապված հարցը, նա ասել է. «Մենք չգիտենք՝ ում մասին է խոսքը»։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ