
ՌԴ ՊՆ-ն հորդորում է՝ GTA 6 խաղալու փոխարեն բանակ գնալ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին առաջարկել է հանրահայտ Grand Theft Auto 6 (GTA 6) համակարգչային խաղը խաղալու փոխարեն` պայմանագրային զինվորական ծառայության անցնել ՌԴ զինված ուժերում։
Գերատեսչությունը «Մաքս» (Макс) հարթակում հրապարակել է խաղի պաստառների ոճով ձևավորված պատկեր՝ կոչ անելով միանալ բանակին։
Հրապարակված պաստառի վրա պատկերված են տարբեր զորատեսակների զինծառայողներ, մարտական ուղղաթիռ, տանկ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ռազմանավ։
Պատկերի կենտրոնում GTA խաղաշարին բնորոշ ավանդական տառատեսակով գրված է «Պայմանագրային ծառայություն», իսկ հետին պլանում՝ նույն ոճով ձևավորված «117» թվերը, որը պայմանագրային ծառայության հարցերով թեժ գծի հեռախոսահամարն է։
«Ընտրի՛ր քո առաքելությունը։ Պայմանագրային ծառայություն՝ Ռուսաստանի զինված ուժերում։ Համարձակվի՛ր»,- ասված է հրապարակմանը կից գրառման մեջ։
Նշենք, որ երկար սպասված GTA 6 խաղի նոր տարբերակը թողարկվել է այսօր՝ նոյեմբերի 19-ին։ Խաղի թողարկումն աննախադեպ իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ խաղը փորձարկել ցանկացողներից շատերը նույնիսկ հետաքրքրվում էին՝ արդյոք կարող են այդ նպատակով աշխատանքից ազատ օր վերցնել։
Հավելենք, որ GTA 6-ի թողարկման պատճառով Ռուսաստանում ցանցի ծանրաբեռնվածությունն աճել է գրեթե 60 տոկոս։
Խաղի նախնական ներբեռնման մեկնարկի օրը կոնտենտ-պրովայդերների սերվերների հետ «ՄեգաՖոն»-ի միացումների միջոցով անցնող թրաֆիկի ծավալն աճել է 58 %-ով՝ հոկտեմբերի միջին ցուցանիշի համեմատ, և 44%-ով՝ նախորդ նույն օրվա համեմատ։ Այս մասին Коммерсанть-ին հայտնել են ընկերությունից։
«Վիմպելկոմ»-ից էլ տեղեկացրել են, որ ցանցը նախապես են պատրաստել մասշտաբային ներբեռնումներին։ «Մեզ մոտ թրաֆիկն աճել է մոտ 6 %՝ հոկտեմբերի միջին օրական ցուցանիշների համեմատ»,- ասել են ընկերությունից։
ՄՏՍ-ում բարձր ակտիվություն չեն արձանագրել, իսկ «Ռոստելեկոմ»-ից հրաժարվել են մեկնաբանություն տալ։
Աճել է նաև PlayStation 5 (PS5) խաղային համակարգերի վարձակալության պահանջարկը։



