19 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Երևանում տեղի ունեցավ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովը․ գրում է «Արմենպրես»-ը։

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով և հանգամանորեն ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների շրջանակում իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները։

«2020-ի 44-օրյա պատերազմը ամենամեծ փորձությունն էր, ինչի հետ առերեսվեց դատաբժշկական կենտրոնը, որի մասշտաբները՝ զոհերի և վիրավորների քանակները,  մեծապես գերազանցեցին նույնիսկ ամենավատատեսական կանխատեսումները։

Զոհերի և վիրավորների մեծ քանակը պայմանավորված էր ռազմական գործողությունների ինտենսիվությամբ, ինչպես նաև հակառակորդի կողմից գերժամանակակից լետալ զինատեսակների գործադրմամբ:

Մեկնարկած մարտական գործողությունների առաջին օրվանից դատաբժշկական կենտրոնի կողմից իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում և հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների դատաբժշկական փորձաքննություն և անճանաչելի դիակներից և մարմնամասերից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ առանձնացման և պրոֆիլավորման աշխատանքներ՝ հետագա նույնականացման նպատակով»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիակների դատաբժշկական փորձաքննությունների իրականացման առաջին օրերից պարզ դարձավ, որ դատաբժշկական կենտրոնի ենթակառուցվածքների կարողությունները, մասնագիտական, կադրային ներուժը բավարար չեն մեծ թվով դիակների միաժամանակյա ընդունման, պահպանման և դիահերձման աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու համար։

«Օպերատիվ արձագանքման ռեժիմով տրվեցին այլընտրանքային լուծումներ, ձևավորվեցին լրացուցիչ կարողություններ՝ Կենտրոնի մասնագիտական և կադրային կազմը, որը գործնականում ամբողջապես ներգրավվեց այս գործընթացում՝ աշխատելով շուրջօրյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի։ Կարևորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության, առողջապահության նախարարության և բոլոր պետական մարմինների հետևողական աջակցությունը՝ աշխատանքների կազմակերպման հարցում։ Չնայած փորձաքննությունների կատարման ժամկետներում և կազմակերպչական հարցերում առկա որոշակի բացթողումների՝ Կենտրոնը իր կարողությունների առավելագույն համախմբմամբ և նոր կարողությունների ձևավորման շնորհիվ հիմնականում կատարեց դիակների փորձաքննությունների իրականացման իր հանձնառությունը»,- նշեց Պետրոսյանը:

Նա առավել հանգամանալի անդրադարձավ դատաբժշկական Կենտրոնի գենետիկական լաբորատորիայի գործունեությանը, քանի որ վերջինս առանցքային դերակատարում է ունեցել անճանաչելի դիակների և անհայտ կորած անձանց որոնողական և նույնականացման աշխատանքներում:

«44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների ընթացքում, գենետիկական լաբորատորիայի գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլի. Առաջին փուլը վերաբերում Է բուն ռազմական գործողությունների ժամանակահատվածին, երբ իրականացվում էր Կենտրոն տեղափոխված զինծառայողների և քաղաքացիական անձանց անճանաչելի կամ չնույնականացված դիակներից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ անջատում և պրոֆիլավորում՝ հետագա նույնականցման նպատակով: Զուգահեռ կատարվել են նմուշառումներ այն անձանց հարազատներից, որոնց գտնվելու վայրը անհայտ էր՝ ԴՆԹ պրոֆիլավորման և բնութագրերի համադրման ճանապարհով հետագա նույնականացման նպատակով։ Երկրորդ պայմանական փուլը վերաբերվում է հետպատերազմական շրջանին, երբ ռազմական գործողությունների վայրերում նախաձեռնվեցին մարտական զոհերի որոնողական, արտաշիրիմման աշխատանքներ, և հայտնաբերված մասունքները տեղափոխվեցին դատաբժշկական Կենտրոն»,- ասաց Պետրոսյանը:

Այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Կենտրոն տեղափոխված բոլոր դիակները ենթակա չէին ճանաչման՝ պայմանավորված ինչպես ստացված վնասվածքների բնույթով, այնպես էլ դիակային փոփոխություններով»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ