
Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 մեքենա. դրանցից մեկը մխրճվել է խանութի մեջ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 14:15-ի սահմաններում Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Պիոներ» օրիգինալ ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել է 4 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոմեքենաներից «Mercedes G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոպահեստամասերի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, ըստ տեղեկությունների, մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու, ինչպես նաև տուժած՝ ավտոպահեստամասերի սրահի տիրոջ ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


