
Իր պրակտիկայի՞ց է նման առաջարկներ անում, որտե՞ղ եք նման բան տեսել. Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանի՝ ընդդիմության հետ գործարքի գնալու մասին
Կարծում եմ՝ ցանկացած մեկը, որ հարգում է իրեն, չի կարող ուղղակի հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածներին․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` անդրադառնալով Փաշինյանի՝ ընդդիմությանն արված առաջարկին։
«Ես գիտեի՝ ընդդիմություններն իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքի չեն գնում, ինձ ծանոթ չէ նման պրակտիկան։ Փաշինյանն իր պրակտիկայից առաջարկնե՞ր է անում։ Որտե՞ղ եք նման բան տեսել։ Փաշինյանը որտե՞ղ է նման բան տեսել, ինքն այդպիսի՞ ընդդիմություն է եղել։ Ես իսկապես չգիտեմ նախադեպ, երբ ընդդիմությունը պայմանավորվում է իշխանության հետ և վերցնում է իշխանություն»,–ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանն առաջարկեց Փաշինյանին ներկայացնել 5 նախադեպ, երբ
ինքը մեկի հետ բան է պայմանավորվել ու չի «գցել»։
«Փաշինյանի որևէ առաջարկին հավատալը կլինի ընդդիմության ոչ թե միամտությունը, այլ հիմարությունը»,- հավելեց նա։
Հիշեցնենք, այսօր Փաշինյանն ասել է, որ առաջարկում է ընդդիմությանը գնալ հանրաքվեի․ «Եթե ժողովուրդը հանրաքվեին «ոչ» կասի, ես հրաժարական կտամ։ Իսկ եթե ժողովուրդն ասի՝ «այո», ես մինչև վերջ կտանեմ խաղաղության օրակարգը, և հաջորդ ընտրություններում չեմ լինի վարչապետի թեկնածու»։


