19 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի PR-ը, Պուտինի ակնկալիքներն ու Չինաստանի խաղը․ ի՞նչ թաքնված ուղերձներ ուներ եռակողմ հանդիպումը

Թրամփի PR-ը, Պուտինի ակնկալիքներն ու Չինաստանի խաղը․ ի՞նչ թաքնված ուղերձներ ուներ եռակողմ հանդիպումը

Շենժենում Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման ընթացքում նույնիսկ դիմավորման արարողակարգն ու համատեղ լուսանկարվելու համար դասավորությունը քաղաքական մեկնաբանությունների առիթ դարձան։ Սակայն քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ Պուտինին Սի Ծինփինի կողմից անձամբ չդիմավորելը չի նշանակում, որ Ռուսաստանի դիրքերը թուլացել են։

Բադալյանն ABC Media-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Չինաստանում կուսակցական համակարգն ունի առանձնահատուկ դեր, և Պուտինին դիմավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության քարտուղարության ապարատի ղեկավարը՝ Սի Ծինփինի ամենավստահելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Անդրադառնալով նաև համատեղ լուսանկարին, որտեղ Թրամփը կանգնած էր Սի Ծինփինի աջ կողմում, իսկ Պուտինը՝ նրա կնոջ կողքին, քաղտեխնոլոգը նշեց, որ հյուրընկալող կողմի ղեկավարի կինը չի կարող դիտարկվել որպես առանձին քաղաքական սուբյեկտ։

«Կարող ենք ասել, որ Պուտինը և Թրամփը հավասար տեղում են կանգնած եղել»,- նշեց Բադալյանը։

Իսկ բուն հանդիպման նպատակները, ըստ նրա, 3 առաջնորդներից յուրաքանչյուրի համար տարբեր էին։ Վաշինգտոնը փորձում էր հասնել Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնումը սահմանափակելու պայմանավորվածության, սակայն Պեկինի համար դա անընդունելի է։ Չինաստանը շարունակում է ավելացնել միջուկային մարտագլխիկների թիվը՝ հասնելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի մակարդակին։

ԱՄՆ-ի համար կարևոր էր նաև Չինաստանի դիրքորոշումն Իրանի հարցում փոխելը, քանի որ Պեկինի աջակցությունը Թեհրանին դժվարացնում է Վաշինգտոնի նպատակների իրականացումը։ Սակայն, Բադալյանի խոսքով, այս հարցում Չինաստանը որևէ զիջման չի գնացել։

Ռուսաստանն էլ ակնկալում էր հստակություն Ուկրաինայի հարցում, բայց այդ թեման, ըստ քաղտեխնոլոգի, Թրամփի համար այս հանդիպման առաջնահերթությունը չէր։

«Չինաստանի համար պետք էր այս հանդիպումը, որպեսզի ցույց տա, որ ինքը, ի վերջո, արդեն աշխարհի երրորդ կենտրոնն է, երրորդ բևեռն է»,- նշեց Բադալյանը։

Նրա գնահատմամբ՝ Թրամփի՝ Սի Ծինփինին ուղղված մտերմիկ հայտարարությունը, թե քանի դեռ իրենք են ղեկավարում երկրները, խնդիրներ չեն ունենա, պարզապես անձնական հարաբերությունների դրսևորում չէր։ Այն նաև ուղղված էր արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ նույնիսկ Չինաստանն ու Ռուսաստանը ստիպված են հաշվի նստել Վաշինգտոնի հետ։

«Թրամփին պետք է ցույց տալ, որ ինքը հավասար է կամ ավելին է, քան Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Միացյալ Նահանգները բնավ ցանկություն չունի իր գերիշխանությունը զիջելու Չինաստանին ու Ռուսաստանին։ Ցանկացած հանդիպման մեջ PR էլեմենտը միշտ կա»,- ասաց նա։

Բադալյանն անդրադարձավ նաև Թրամփի՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին ուղղված գովեստին՝ նշելով, որ ամերիկյան նախագահի նման ոչ քաղաքական ժեստերն ու արտահայտությունները մեծ քաղաքականության մեջ էական նշանակություն չունեն։

Ընդունված հռչակագրի մասով․ քաղտեխնոլոգն այն ռազմավարական դաշինք կամ գործընկերություն չի համարում։ Դրա կենսունակությունը, ըստ նրա, կախված կլինի մի քանի գործոնից՝ 2028 թվականին ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունից, ռուս-ուկրաինական պատերազմի ելքից և Եվրոպայի դիրքորոշումից։ Բադալյանն ընդգծեց, որ Եվրոպան դուրս է մնացել այս ձևաչափից և այդքան էլ գոհ չէ ընդունված հռչակագրից։ Այսպիսով, նրա գնահատմամբ, եռակողմ հանդիպումը դեռևս չի նշանակում, որ երեք տերությունների միջև առկա հակասությունները հաղթահարվել են կամ ձևավորվել է երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն։

Նանե Հայրապետյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ