
Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց․ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է այսօր։ 1915-ի Ապրիլի 24-ին թուրքական իշխանությունը Պոլսում ձերբակալել, սպանել ու աքսորել է հայ մտավորականների մեծ խմբի՝ շուրջ 200 հոգու։
1920-ականներից սկսած հիշատակության արարողություններ են իրականացվել սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 50-ամյա տարելիցին։ Այդ օրը Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ընդդեմ Թուրքիայի հրեշավոր ոճրագործության և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։Ցույցն ավարտվել է հանրահավաքով՝ Կոմիտասի շիրիմի մոտ։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, ինչին մասնակցել են հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։
Երկու տարի անց՝ 1967-ին, մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր է խոյացել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն, ինչից հետո ամեն տարի հայ ժողովուրդն ապրիլի 24-ին ամբողջ օրը բարձրանում է հուշահամալիր և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհում։


