
Ո՞վ կշահի Էրդողանի իշխանության թուլացումից. Աբրահամ Գասպարյանը՝ թուրք ընդդիմադիր առաջնորդի ձերբակալության մասին
Իմամօղլուն նախագահի հավակնորդ է, ընդդիմության ամենահայտնի ու ռեյտինգային թեկնածուն, որը խանգարում է Էրդողանին՝ 2028-ին սպասվող նախագահի ընտրությանը: Ճիշտ է, Էրդողանը 3-րդ անգամ անընդմեջ չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնին, բայց Սահմանադրության փոփոխության հարցն իր համար խաղ ու պար է, եթե կարողանա չեզոքացնել ընդդիմության ակտիվությունը. «Փոխի’ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման հերթական թողարկմանը քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանն վերլուծել է Թուրքիայում տեղի ունեցողը։
Քաղաքագետի խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության հարցը Թրամփն ու Պուտինը, հավանաբար, կքննարկեն Սաուդյան Արաբիայում սպասվող հանդիպմանը: Թուրքիան նույնպես քննարկվող թեմաներից է լինելու։ Թուրքիայի վարած քաղաքականությունը ոչ Մոսկվայի, ոչ էլ Վաշինգտոնի սրտով է, հատկապես Սիրիայում և Ուկրաինայում, որտեղ խաչվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը:
«Սպիտակ տան ղեկավարը կանաչ լույս չի վառի Էրդողանի առաջ, եթե աշխարհաքաղաքական հարցերում զիջումներ չկորզի: Բազմիցս եմ ասել. այս փաստից ոչ թե պետք է նեղվել, նեղանալ, փշոտվել, Ամերիկային հռչակել թշնամի, այլ հասկանալ, որ ռեալպոլիտիկ կամ իրական քաղաքականություն կոչվածն առաջնորդվում է բացառապես պետության կամ դերակատարների շահերով»,- ասել է Գասպարյանը՝ շեշտելով, որ Իմամօղլուի ձերբակալությունը շատ ավելի խորքային հարցերի արտացոլումն է, քան պարզապես ընդդիմադիր գործչի չեզոքացում։
Նրա խոսքով՝ Էրդողանը ձգտում է մաքրել քաղաքական դաշտը, վերացնել ցանկացած պոտենցիալ մրցակցի և վերահսկողությունը պահպանել 2028-ից հետո։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը տարբեր նպատակներ ունեն Թուրքիայի հետ, բայց երկուսն էլ ունեն շահ՝ Էրդողանի կառավարումը թուլացնելու համար։ Հայաստանի համար սա հստակ ազդակ է, որ թուրքական քաղաքականությունը շարունակում է մնալ անկայուն, և պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին։