
Թեհրանը և Վաշինգտոնը հնարավոր է նոր համաձայնագիր ունենան. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ն և Իրանը հեշտությամբ կարող են համաձայնության գալ Օմանի բանակցություններում, եթե Վաշինգտոնի միակ պահանջը լիներ, որ Թեհրանը դադարեցնի միջուկային զենքի ստեղծումը. այդ մասին Սերբիայի ռադիո-հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով փոխղեկավար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«Ամերիկացիներն ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Մենք համառորեն կրկնում ենք, որ մեզ չի հետաքրքրում միջուկային զենքը: Այսպիսով, եթե ամերիկացիների միակ պահանջն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, մենք նոր համաձայնագիր կունենանք»,- նշել է Թախտ-Ռավանչին: Իրանցի դիվանագետի խոսքով՝ եթե Օմանում բանակցությունների բոլոր մասնակիցները «քաղաքական կամք ունենան», ապա հնարավոր կլինի նոր համաձայնության գալ։
«Սակայն եթե ինչ-որ մեկը ցանկանա բանակցություններում այլ բաներ ներառել և դրանով իսկ բարդացնել աշխատանքը, մեզ չի հաջողվի»,- ընդգծել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև խորհրդակցությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 12-ին Օմանում։ Հիմնական բանակցողները կլինեն Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն ոչ թե ուղղակիորեն, այլ՝ Մուսկատի միջնորդությամբ։ Իր հերթին՝ Պետքարտուղարի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ առաջիկա իրադարձությունը կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե՝ բանակցություններ։