03 Մայ
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ դրոշներով ժողովուրդը ապրելու շանս չունի. Կարեն Բեքարյան

Սպիտակ դրոշներով ժողովուրդը ապրելու շանս չունի. Կարեն Բեքարյան

«Փոփոխվող աշխարհը և Հայաստանը» խորագրով քննարկման ընթացքում քաղաքագետ Կարեն Բեքարյանը քննադատել է գործող իշխանության քաղաքականությունը` այն անվանելով հոգեբանական տեռոր՝ սեփական հանրության նկատմամբ:

Բեքարյանի խոսքով` այսօր իշխանությունը երկրին ու ժողովրդին կանգնեցրել է կեղծ և կործանարար դիլեմայի առաջ. «Կամ անհատապես և պետական մակարդակով սպիտակ դրոշ բարձրացնել, կամ մտնել պատերազմ, որը պարտադիր է պարտությամբ ավարտվելու»:

Քաղաքագետը զգուշացնում է՝ եթե հասարակությունն ընտրի «սպիտակ դրոշների քաղաքականությունը», ապա խաղաղություն երբեք չի ապահովվի, որովհետև «դիմացինը շարունակությունը կուզի»:

«Մի պահ կարող է թվալ, թե ամեն ինչ ավարտվում է մեկ սպիտակ լաթով, բայց դա չի վերջանալու։ Կարող է մի օր ամբողջ ազգով փաթաթվենք էդ սպիտակ լաթով ու վերջանանք»,- ասել է Բեքարյանը:

Քննարկման ընթացքում նա նաև մատնանշել է ընդդիմության թերացումները՝ նշելով, որ իշխանության հիմնական հաղթաթուղթն այն է, որ քննադատներին հաջողվել է ներկայացնել որպես «ճանապարհ չունեցողներ»: Նրա համոզմամբ, դա «հերթական մանիպուլացվող, տխմար, սեփական ժողովրդի վրա կիրառվող թեզ» է, որին ընդդիմությունը պետք է հակադրի հստակ տեսլական և անվտանգության վերականգնման իրական քարտեզ։

«Առաջնահերթ քայլերը գյուղատնտեսական չեն, ոչ էլ ասֆալտն է:  Դրանք անվտանգային են, որպեսզի մեր հայրենիքում ապրելու շանս ունենանք և ոչ թե դառնանք նորից աշխարհով մեկ թափառաշրջիկ»,- շեշտել է Բեքարյանը։

Նրա խոսքով` փոփոխություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանրությունն ի վերջո դադարի հավատալ, թե «այլընտրանք չկա» և սկսի մտածել «ծիածանի գույների»՝ բազմակի տարբերակների մասին, ոչ թե սև-սպիտակի։ Նա կոչ է արել, որ մտածող մարդիկ ամենուր տարածեն իրական այլընտրանքի գաղափարը:

Ռազմագերիներ