
ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության գործունեությունն ու գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են․ Արամ Վարդևանյան
Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար ելակետ ենք ընդունում 2026-ի փետրվարի 7-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածը, և հունիսի 7-14-ն ընկած ժամանակահատվածը․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Առաջին ցայտուն խախտումն ընտրական տեսանկյունից վերաբերում է նրան, որ ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության գործունեությունն ու գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են»,- ասաց նա։
Ասվածի առաջին փաստական տվյալը կենսաթոշակների բարձրացումն էր։ Մյուսը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունը, որ տեղի ունեցավ ապրիլի 7-ին․ նշվածը վերաբերում էր նրան, որ ՀՀ ընտրական գործընթացում չի կարող օգտագործվել անձնանուն որպես դաշինքի անվանում, ինչն ուղղված էր հենց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ։
Մյուս հանգամանքը, ըստ նրա, որն ապացուցում է ընտրությունների ազատ և հավասար չլինելը, ատելության խոսքն էր հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։


