
Ձեր նկատմամբ ագրեսիան ավելանալու է. ԱԺ արտահերթ նիստում լեզվակռիվ տեղի ունեցավ
ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էին Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերը, իշխանության և ընդդիմության պատգամավորների միջև սուր բանավեճ ծավալվեց, որը վերածվեց լեզվակռվի։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հիմնական զեկույցից հետո ընդդիմադիր պատգամավորների ելույթներին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Ինչի՞ եք եկել, մենք սովորել էինք, որ դուք այլևս չեք ներկայանում։ Պարզ է՝ ինչի եք եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանության նախաձեռնած փոփոխությունները պայմանավորված են հանրային պահանջով։
Վարդանյանի խոսքին կոշտ արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այս տեմպով դուք շուտով արդեն հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի, ով ջուր խմի, ով չխմի։ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչի՞ եք եկել։ Դուք Ձեզ ի՞նչ իրավունք եք վերապահում, ո՞վ եք Դուք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Քննարկմանը միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ Ծովինար Վարդանյանը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է և իշխող մեծամասնության ներկայացուցիչ՝ կոչ անելով պահպանել կոռեկտության սահմանները։ Նրա խոսքերով՝ իշխող քաղաքական ուժը երկու անգամ հաղթել է ընտրություններում։
Դրանից հետո Արծվիկ Մինասյանը դահլիճից հարց ուղղեց արդեն ԱԺ նախագահին. «Դուք ինչո՞ւ եք եկել»։
«Մենք գործի ենք գալիս: Եկել եմ, որ ձեզ աշխատավարձ տամ, պարգևավճար տամ» արձագանքեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմության նկատմամբ ագրեսիան չի դադարելու, այլ ավելանալու է։
Լարված մթնոլորտից հետո նիստը շարունակվեց օրակարգային հարցերի քննարկմամբ։


