
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալները մեծացնելու, դրա տեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ մեղադրել է ՄԱԿ-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի իրականացման գործում «որևէ դեր չխաղալու համար», ինչի պատճառով «Ադրբեջանն ինքնուրույն է վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Նա ընդգծել է կարճ ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումն ապահովելու համար «համապատասխան մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը»։
«Եթե դա արվի, դա կբարձրացնի ՄԱԿ-ի հեղինակությունը և կամրապնդի կազմակերպության դերը հակամարտությունների կարգավորման գործում», – նշել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն աշխատում է Հայաստանի հետ՝ փոխադարձ առևտուրը մեծացնելու համար։
«Մենք Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալները մեծացնելու, դրա տեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ», – հայտարարել է Ալիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանն արդեն իսկ մատակարարում է Հայաստանին նավթամթերք և հեշտացնում է երրորդ երկրների բեռների տարանցումը։
Նրա խոսքով՝ ավելի քան 1 տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր նախաստորագրելով վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը։
«Այսպիսով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկարատև հակամարտության գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու», – նշել է նա։


