02 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արամ Ա-ի ուղերձը

Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արամ Ա-ի ուղերձը

Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․-ն։

«Ազգերն անցյալին կնայեն, անցյալի իրագործումներով կհպարտանան, անցյալի թերությունները կգիտակցեն, սակայն՝ միշտ ապագան ավելի ամուր հիմքերի վրա կերտելու գիտակցությամբ, հանձնառությամբ ու տեսլականով։ Հետևաբար, անցյալը չպետք է դառնա անցած, այլ՝ վերանորոգ հավատքով ու նպատակասլաց կամքով ապագային բացվելու ու քայլելու ամուր վճռականության վերահաստատման առիթ ու հիշեցում։

Այս հայեցակետով հարկ է մոտենալ Արցախի Հանրապետության անկախությանը։ Ազգերի պատմության մեջ պայմանները միշտ փոփոխական են, աշխարհաքաղաքական շահերի դասավորումը՝ միշտ հարափոփոխ։

Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, տեսական հղացքներից, ինչպես նաև տվյալ ժամանակի շահերի և մոտեցումների պարտադրանքից։ Հարկ է քայլել դեպի ապագա՝ հավատքին միախառնելով հույսը և այն թրծելով ամուր կամքով։

Այսօր, երբ հետադարձ ակնարկով կնշենք Արցախի Հանրապետության անկախության օրը, առաջին հերթին եկեք հիշենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց արյունը թափեցին հանուն Արցախի անկախության վերականգնման։ Եկեք նաև հիշենք Արցախի անկախության առավել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարներին, որոնք այսօր տառապում են Բաքվի բանտերում։ Արդարև, բավարար չէ միայն հիշելը, հարկ է այն վերածել պայքարի՝ ի խնդիր Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների վերահաստատման և Արցախի քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատագրման։ Ասել ենք, կրկնում ենք և մի՛շտ պետք է ասենք, որ Արցախի անկախությունը պատմության փոշիներում թաղված չէ։ Այն մեր ազգի օրակարգի վրա առաջնահերթ տեղ պետք է գրավի՝ որքան էլ փորձենք իրապաշտության պիտակի ետին անցյալի էջը նկատենք փակված։

Վա՛յ այն ազգին, որ ինքն իրեն կբանտարկի ներկայիս շահերի նեղ սահմաններում՝ ծածկված իրապաշտության քողի հետևում։ Պատմության թատերաբեմի վրա կմնան այն ազգերը, որոնք իրենց ներկան կտեսնեն անցյալով ամրագրված և ապագայի տեսլականով զորացած ու կքայլեն առաջ՝ վերանորոգ հավատով ու հույսով։

Այսպե՛ս եղած է մեր ազգը։

Այ՛ս է պատգամը Արցախի Հանրապետության անկախության։ Մնանք ականջալուր ու հավատարիմ մեր պատմությանը, հին թե նոր, մեզ փոխանցված սրբազան պատգամներին »,- նշված է Արամ Ա․ Կաթողիկոսի ուղերձում։

Բնօրինակը՝ ստորև․

«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՍՈՍԿ ԱՆՑԵԱԼ ՉԷ, ԱՅԼ ՆԱԵՒ ՈՒ ՄԻ՛ՇՏ՝ ԱՊԱԳԱՅ

Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ, յանձնառութեամբ ու տեսլականով։ Հետեւաբար, անցեալը պէտք չէ դառնայ անցած, այլ՝ վերանորոգ հաւատքով ու նպատակասլաց կամքով ապագային բացուելու ու քալելու ամուր վճռակամութեան վերահաստատման առիթ ու յիշեցում։

Այս հայեցակէտով հարկ է մօտենալ Արցախի Հանրապետութեան անկախութեան։ Ազգերու պատմութեան մէջ պայմանները միշտ փոփոխական են։ Աշխարհաքաղաքական շահերու դասաւորումը՝ միշտ յարափոփոխ։

Պէտք է հեռու մնալ կաղապարուած մտածողութենէ, տեսական յղացքներէ, ինչպէս նաեւ տուեալ ժամանակի շահերու ու մօտեցումներու պարտադրանքներէ։ Հաւատքին միախառնելով յոյսը եւ զայն թրծելով ամուր կամքով, հարկ է քալել դէպի ապագայ։

Այսօր, երբ յետադարձ ակնարկով կը նշենք Արցախի Հանրապետութեան անկախութեան օրը, առաջին հերթին եկէք յիշենք մեր բոլոր նահատակները, որոնք իրենց արիւնը թափեցին ի խնդիր Արցախի անկախութեան վերականգնման։ Եկէք նաեւ յիշենք Արցախի անկախութեան առաւել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարները, որոնք այսօր կը տառապին Պաքուի բանտերուն մէջ։

Արդարեւ, չի բաւեր միայն յիշել, հարկ է զայն վերածել պայքարի՝ ի խնդիր Արցախի անկախութեան վերականգնման, արցախահայութեան վերադարձի իրաւունքներու վերահաստատման եւ Արցախի քաղաքական բանտարկեալներուն շուտափոյթ ազատագրման։
Ըսած ենք, կը կրկնենք եւ մի՛շտ պիտի ըսենք, թէ Արցախի անկախութիւնը պատմութեան փոշիներուն տակ թաղուած չէ։ Ան մեր ազգի օրակարգին վրայ առաջնահերթ տեղ պէտք է գրաւէ՝ որքան ալ փորձենք իրապաշտութեան պիտակին ետին անցեալի էջը նկատենք փակուած։

Վա՛յ այն ազգին, որ ինքզինք կը բանտարկէ ներկայ շահերու նեղ սահմաններուն մէջ՝ ծածկուած իրապաշտութեան քօղին ետին։ Պատմութեան թատերաբեմին վրայ կը մնան այն ազգերը, որոնք իրենց ներկան կը տեսնեն անցեալով ամրագրուած եւ ապագայի տեսլականով հզօրացած ու կը քալեն յառաջ՝ վերանորոգ հաւատքով ու յոյսով։

Այսպէ՛ս եղած է մեր ազգը։

Այ՛ս է պատգամը Արցախի Հանրապետութեան անկախութեան։ Մնանք ականջալուր ու հաւատարիմ մեր պատմութենէն, հին թէ նոր, մեզի փոխանցուած սրբազան պատգամներուն»։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ