
Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր են սկսվել, հաղորդակցության նախագծերը զարգանում են․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ
Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր ՀՀ-ն և Ադրբեջանն ապրում են խաղաղության պայմաններում: Երկու երկրների միջև ռազմական սրացում չի եղել․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Բաքվում «Քաղաքային վերակառուցման համար մարդասիրական ականազերծում» թեմայով 4-րդ միջազգային ականազերծման համաժողովում։
Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել են առևտրային և տնտեսական կապեր, և զարգանում են կապի և հաղորդակցության ոլորտներում նախագծերը:
«Միևնույն ժամանակ՝ մեր հասարակություններից ակնկալվում է, որ նայեն այլ ապագայի: Սա իսկապես պատմական հնարավորություն է: Սակայն խաղաղությունը չի ստեղծվում միայն քաղաքական համաձայնագրերով: Խաղաղությունը պետք է տեսանելի և շոշափելի լինի տեղում, մարդկանց առօրյա կյանքում», – նշել է նա:
Ամիրբեկովի խոսքով՝ ականապատ տարածքների առկայությունը հիշեցնում է հասարակությանը, որ պատերազմը դեռևս ամբողջությամբ անցյալում չէ, և սա «անխուսափելիորեն բացասաբար է անդրադառնում կարգավորման գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»։


