
Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն՝ Հայաստանն իրենց «պատմական հողն» է․ ադրբեջանագետ
Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, որ հարևանությամբ գտնվող Հայաստանն իրենց «պատմական հողն» է, իբր իրենք այդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն․ իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ հրապարակելով լուսանկար։
«Ադրբեջանի քաղաքային համայնքների ազգային ասոցիացիայի և Նարիմանովի քաղաքապետարանի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևն այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է…» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։
Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։
Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանը մեծ հաշվով իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։
Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։ Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները»,- գրել է ադրբեջանագետը։


