
Սկանդալ բրիտանական կուսակցության շուրջ․ լրագրողները գաղտնի նկարահանել են օրենքը շրջանցելու մասին զրույցը
Բրիտանական Reform UK աջ ծայրահեղական կուսակցության շուրջ, որը գլխավորում է Նայջել Ֆարաջը, նոր սկանդալ է բռնկվել՝ կապված նվիրատվությունների հետ։ Ինչպես հայտնում է BBC-ն, լրագրողները գաղտնի տեսախցիկով նկարահանել են արտերկրից նվիրատվությունների արգելքը շրջանցելու վերաբերյալ կուսակցության ղեկավարության զրույցը:
Ուրբաթ Reform UK-ը հայտարարել է, որ զրույցի մասնակիցները՝ Ֆարաջի հասարակայնության հետ կապերի գլխավոր խորհրդական, քաղտեխնոլոգ Դեն Ջյուքսը, ինչպես նաև կուսակցության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջեյմս Օրը, հեռացել են իրենց պաշտոններից, մինչև ներկուսակցական քննության ավարտը:
Գաղտնի նկարահանված զրույցին մասնակցել է նաև ինքը՝ Ֆարաջը:
Այս կադրերը նախորդ երեկոյան հեռարձակել է Channel 4 հեռուստաալիքը, իսկ նկարահանումն իրականացրել է Verbatim Investigations թիմը։
Լրագրողն ու դերասանը, ներկայանալով որպես Մեծ Բրիտանիայում ապրող մարդ և նրա ամերիկացի հայր, ճաշի շուրջ Ջյուքսի և Ֆարաջի հետ քննարկել են, թե ինչպես հայրը կարող է կուսակցությանը փոխանցել կես միլիոն ֆունտ (ավելի քան 670 միլիոն դոլար):
Բրիտանական օրենսդրության համաձայն՝ քաղաքական կուսակցություններին դրամական նվիրատվություններ կարող են անել միայն Մեծ Բրիտանիայի բնակիչները, որոնք ընդգրկված են ընտրողների ռեգիստրում, կամ երկրում գրանցված ընկերությունները:
Նշվում է, որ, ըստ պայմանավորվածության, «հայրը» գումարը կփոխանցի «որդուն», իսկ նա՝ որպես օրինական նվիրատու, դրանք կփոխանցի կուսակցությանը:
«Այդպես ամեն ինչ օրինական կլինի», – պատասխանում է Ֆարաջն ու շնորհակալություն հայտնում երկուսին էլ:
Ռեպորտաժի հեռարձակումից հետո Reform UK-ն հերքել է օրենքը խախտելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները և հայտարարել, որ դարձել է «սադրանքի» զոհ:
Այնուամենայնիվ, կուսակցությունը հայտարարել է Ջյուքսին ու Օրին պաշտոնանկ անելու և ներքին քննություն սկսելու մասին:


