Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ․ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ելնում եմ այն փաստից, և ոչ միայն ես, այլ, բնականաբար, դա Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերությունները կրում են և շարունակում են կրել դաշնակցային բնույթ։ Գիտեք, պատմականորեն մեզ կապող շատ բաներ կան: Ավելորդ է նշել, թե ինչն է կապում մեր ժողովուրդներին բազմադարյա պատմության ընթացքում»,- ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ բացի սրանից, երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներին:
«Համոզված եմ, որ հիմնական պարամետրերի առումով մեր ռազմավարական շահերը օբյեկտիվորեն համընկնում են, դա կրկին ապացուցել է թե՛ հին, թե՛ ժամանակակից պատմությունը։ Ուստի, կարծում եմ, միանգամայն ճիշտ է, որ ռուսական կողմը հստակ սահմանում է, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշ թյուրըմբռնումներին, արտաքին խաղացողների փորձերին՝ ճաքեր ստեղծելու մեր հարաբերություններում՝ ելնելով իրենց պատեհապաշտական, աշխարհաքաղաքական շահերից, պահպանել և պետք է պահպանեն դաշնակցային, ռազմավարական բնույթ»,- ասել է Կոպիրկինը։