
Եթե Արծվաշենի ու Հայաստանի արանքում ադրբեջանական տարածք կա, ապա Արծվաշենը պետք է տեղաշարժել, մի քիչ աջ կամ ձախ տանել․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Մեր շփումները երբեք էլ սառը չեն եղել․ այսօր ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններին, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ իր և ՌԴ ղեկավարի շփումներում երբեք որևէ բան չի փոխվել։
Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի ժամանակ հնչած հայտարարությունները՝ կետերով․
- ՌԴ-ի հետ հարաբերությունները միշտ եղել են լավ, մենք հո իրարից չե՞նք խռովել։
- Ատոմակայանի հարցում միշտ հայտարարել ենք, որ փնտրում ենք լավագույն առաջարկը։ Ով կանի լավագույն առաջարկը, մենք կընդունենք, այս թեման չենք քաղաքականացնում։ Նույնը վերաբերում է երկաթուղու հարցին։
- Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, եթե Արծվաշենի և Հայաստանի միջև տարածք կա, որն ադրբեջանական է, ապա Արծվաշենը պետք է տեղափոխել, մի քիչ աջ տանել, կամ մի քիչ ձախ տանել, որպեսզի դրա ու Հայաստանի արանքում տարածք չմնա։ Բնակավայրը պետք է տեղափոխել։
- 2031-ին մանդատս ավարտվում է, դրա համար ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը պիտի մինչ այդ կնքվի։
- Թուրքմենստանում անկլավ, էքսկլավների թեմայով Ալիևի հետ քննարկում է եղել։
- Ես գիտեմ, որ Թուրքիայից COP17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է։ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ էս պահի դրությամբ հաստատում գոնե ինձ չի հասել։
- Այնտեղ, որտեղ փող է ծախսվում (COP17), կոռուպցիոն ռիսկ կա, խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է։
- Ով սխալ ինֆորմացիա ասի, դատի եմ տալու ու գումար եմ ուզելու, որ հաջորդ դատերի ծախսերը վճարեմ։
- Մարդիկ Աջափնյակում մեզ ձայն էին տվել, որպեսզի նաև կրպակների խնդիրը լուծենք։ Բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, մենք գնալու ենք, քանդելու ենք։ Մարդիկ թող էս գլխից մտածեն իրենց գործունեության մասին։
- Տարօրինակ ա, եթե գերիներին ուղղված նամակներ կան, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում, ինչի՞ միջնորդ հանդիսանանք, այսինքն՝ 1000 նամակ տալ Կառավարությանն ու ասել՝ էս նամակները փոխանցեք, ինչքանո՞վ ա տրամաբանական։


