10 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալանքի գինը և պետության պատասխանատվությունը․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն

Կալանքի գինը և պետության պատասխանատվությունը․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն

Ընդդիմադիր գործիչ է մահացել ՔԿՀ-ում՝ սրտի կաթվածից՝ 46 տարեկանում։ Ստեփանավանի ՏԻՄ ընտրության «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանին դատարանը կալանավորել էր հոկտեմբերին՝ ընտրությունից մի քանի օր առաջ՝ ընտրակաշառք տալու համար։  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, հերթապահ բուժակը ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, ապա շտապօգնություն կանչել։

Քրեակատարողական ծառայությունը պնդում է, որ կալանքի ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կատարվածը քաղաքական պատասխանատվության հարց է համարում՝ ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը վերագրելով իշխանությանը։

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- ասված է կուսակցության հայտարարությունում։  

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ Գևորգյանի կալանավորման հիմքում քաղաքական շարժառիթներ էին, և այստեղ բանալի բառը հենց «քաղաքական հետապնդումն» է։


«Արսեն Գևորգյանը բանտում էր բացառապես քաղաքական պատճառներով, որպեսզի ՔՊ-ի թեկնածուն և ՔՊ-ի հետ գործակցող թեկնածուն հնարավորություն ունենային ավելի մեծ առավելությամբ հաղթելու ընդդիմությանը, տվյալ դեպքում՝ ընդդիմության միակ թեկնածուին՝ Արսեն Գևորգյանին։ Գևորգյանին պարզապես չեզոքացրին, որպեսզի կարողանային Ստեփանավանում իրենց ցանկալի արդյունքները ստանալ»,- կարծում է իրավապաշտպանը։

Մհեր Եղիազարյան, Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Արսեն Գևորգյան․ տարբեր տարիների կալանավորված քաղաքական և հանրային դեմքեր, որոնց մահվան հանգամանքները կրկին օրակարգ են բերում կալանքի կիրառման անհամաչափության և անազատության մեջ գտնվող անձանց առողջության պահպանման հարցերը։

2019-ի հունվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, լրագրող Մհեր Եղիազարյանը։ Նա 44 օր հացադուլ էր արել, որն ավարտել էր մահվանից 9 օր առաջ։

2020-ի նոյեմբերին մահացավ գեներալ Մանվել Գրիգորյանը։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող նախկին պատգամավորը շուրջ մեկուկես տարի անազատության մեջ էր։ Մահվանից 10 ամիս առաջ նրա կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

2022-ի հուլիսին հենց դատարանի դահլիճում մահացավ կալանավորված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր հենց դատական նիստի ընթացքում։

Երբ կալանքը դառնում է պատժելու միջոց, այլ ոչ թե խափանման միջոց, գործող իշխանությունը չի ցանկանում որևէ բարեփոխում կատարել, փոխարենը՝ այն գործածում է ընդդիմադիր գործչին լռեցնելու համար, համոզված է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Հայաստանում կալանքը գրեթե համատարած կիրառվում է որպես պատժամիջոց, ոչ թե որպես խափանման միջոց։ Բնականաբար, ձևավորված այս ավանդույթը քաղաքական իշխանությանը հնարավորություն է տալիս այդ գործիքը լայնորեն կիրառել նաև քաղաքական ընդդիմախոսների ու մրցակիցների նկատմամբ։ Այս խնդիրը մենք ունեինք նաև մինչև 2018 թվականը, բայց վերջին տարիներին այն բազմապատկվել է։ Հատկապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմից, պարտությունից և Արցախի կորստից հետո, երբ խիստ սրվեցին ներքաղաքական վիճակն ու պայքարը, իսկ իշխանության պահպանումը ներկայիս կառավարող ուժի համար դարձավ կյանքի ու մահվան հարց՝ գուցե թե՛ բառի բուն, թե՛ պատկերավոր իմաստով։ Սա մի խնդիր է, որը վերաբերում է թե՛ արդարադատության, թե՛ քաղաքական համակարգին»,- ասաց Բադալյանը։

Այս ողբերգական իրադարձություններից զատ՝ իրավապահ համակարգը դիմում է այնպիսի քայլերի, որոնք խախտում են մարդու իրավունքների տարրական նորմերը։ Նոր վիրահատված քաղաքացուն կալանավորելուց՝ պատգարակով դատական նիստի տանելը։ Իսկ երբ պաշտպանական թիմը խոսում է պաշտպանյալի առողջական վիճակի մասին և դրա հետ կալանքի անհամատեղելիության, իշխող ուժի ղեկավարի`Նիկոլ Փաշինյանի պատասխանը լինում է հետևյալը․«Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին»։

«Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ այդ տեսարանները տեսնելիս մոտավորապես այսպես կարձագանքեն՝ վերջապես Հայաստանում արդարության մասին խոստումներն առարկայանում են»,- ասել էր Փաշինյանը՝ խոսելով Գագիկ Խաչատրյանի ձերբակալության կադրերի մասին։

Հակոբ Բադալյանը նման հռետորաբանության մեջ ոչ միայն քաղաքական, այլև արժեհամակարգային խնդիր է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ հանրային խոսքում ընդունելիի սահմանների խախտումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ հասարակության համար։

«Հայաստանում տեսնում ենք քաղաքականություն, որը միտված է հասարակության համար կյանքի վայելքը միակ արժեքը դարձնելուն։ Մնացած բոլոր արժեքները, հատկապես՝ մարդու կյանքն ու առողջությունը, նման ցինիկ մեկնաբանություններով արժեզրկվում են։ Գործնականում ջնջվում են արժեհամակարգային բոլոր կարմիր գծերը»,- համոզված է Բադալյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ խնդիրը դուրս է առանձին դեպքերի շրջանակից․ իշխանության քաղաքական վարքագիծը, ըստ նրա, ձևավորում է մի միջավայր, որտեղ աստիճանաբար վերանում են թույլատրելիի սահմանները։

«Ցանկացած ավտորիտար ռեժիմում, հատկապես մեր նման երկրներում, որտեղ ժողովրդավարության վիճակի առումով ահագնացող գահավիժում ունենք, նման երևույթներն ուղեկցվում են անմարդկային դրսևորումների խրախուսմամբ։ Մասնավորապես՝ անձի առողջական վիճակի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով և այլ նման երևույթներով։ Ցավոք, դա հանգեցնում է նորանոր անդառնալի դեպքերի»,- ասաց Մելիքյանը։

Փորձագետները պնդում են՝ հասարակությունները պետություններ են կորցնում՝ առաջին հերթին կորցնելով իրենց արժեքները, արժեհամակարգային այն հենքը, որը պետք է լինի ցանկացած առողջ պետության առանցքում։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ, անդրադառնալով տեղի ունեցածին, հայտարարել է, որ ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՔԿՀ-ներում։

Սակայն այն, որ նման դեպքեր գրանցվում են նաև այլ երկրներում, չի նվազեցնում յուրաքանչյուր մահվան հանգամանքները պարզելու պետության պատասխանատվությունը։ Ի վերջո, պետության արժեհամակարգը չափվում է նաև նրանով, թե ինչպես է այն վերաբերում իր վերահսկողության տակ գտնվող մարդու կյանքին ու առողջությանը։ Եվ անկախ քաղաքական հայացքներից ու առաջադրված մեղադրանքներից՝ այդ պատասխանատվությունը չի կարող երկրորդական դառնալ։

 

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ