Ապրիլի 5-ի հանդիպումը բերելու է ՌԴ-Արևմուտք առճակատման ուժեղացմանը․ Սերժ Սարգսյան
Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այս հանդիպումը կարող էր օգտակար լինել ՀՀ–ին, բայց հիմա, երբ Արևմուտք–Ռուսաստան առճակատում կա, այս հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վաղը՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։
Սարգսյանի խոսքով՝ ըստ պտտվող լուրերի՝ հանդիպման ներկայանալուց հետո Հայաստանին գումար են խոստացել։
«Չգիտեմ տեղեկության հավաստիությունը, բայց իմ կարծիքով՝ Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինի ԵՄ-ի և ԱՄՆ-ին խնդրելը, որ օգնեն վերականգնել ՀՀ սուվերեն տարածքը, պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ ԱՄՆ–ն և ԵՄ–ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի ՀՀ–ում հաստատվի իրական ժողովրդավարություն, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, որ Հայաստանում իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնեն»,-եզրափակել է Սարգսյանը։