05 Մայ
2024
ABCMEDIA
Առևտուր` զրոյական շահույթով. Տավուշի գյուղերը հանձնում ենք` չստանալով ոչինչ

Առևտուր` զրոյական շահույթով. Տավուշի գյուղերը հանձնում ենք` չստանալով ոչինչ

Այնպիսի տպավորություն է, որ իշխանական պատգամավորներն ու արբանյակ պաշտոնյաներն առաջին հերթին իրենք իրենց են փորձում ինչ-որ բան համոզել, վերջին հուսահատ քայլերով փորձում են հավատալ իրենց իսկ ասած ստին։ Ավելի քան մեկ տասնյակ պատգամավոր ու տարատեսակ պաշտոնյաներ լծվել են մեն մի գործի՝ համոզել քաղաքացիներին, որ ոչ թե հանձնել են, այլ «ադրբեջանցիներին են վերադարձրել իրենց իսկ տարածքները»։ Մնում է ավելացնել միայն «պատմական» բառը, որ գրոտեսկն ավելի կատարյալ լինի։

Մի փոքր նախապատմություն։ Ապրիլի 19-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ Տավուշի շրջանի չորս գյուղերը՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Խըզլհաջիլի գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, իսկ հայկական զորքերն այնտեղից դուրս կբերվեն «կարճ և ողջամիտ» ժամկետներում։

Սրանից հետո ՔՊ-ական ու իրենց ՔՊ-ի հետ նույնականացնող անձինք սկսեցին բոլորին համոզել, որ դրանք պատմական տարածքներ չեն։ Այնինչ բոլոր փաստերը խոսում են իրենց դեմ։ Սակայն պատմական էքսկուրսը դնենք մի կողմ, առանց այն էլ շատ ենք խոսել այս տարածքների հայկականության ու դա ապացուցող փաստերի մասին։ Կարող եք պարզապես այս ռեպորտաժը դիտել։

Եկեք հասկանանք` ինչ ենք ստանում դրա փոխարեն։ Ադրբեջանը կրկին ստանում է այն, ինչ պահանջում է, առանց որևէ վերապահումների։ Ի՞նչ է ստանում հայկական կողմը։ Աչքաչափով երաշխիքներ` ենթադրյալ խաղաղության մասին։ Փաստացի ոչինչ, քանի որ հանձնողն իր բերանով է ասում` սա չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի։ Բայց Ադրբեջանը միայն այս չորս գյուղերը չէ, որ ստանում է։ Նա կատարյալ վերահսկողության տակ է վերցնում Վրաստանին կապող միջպետական ճանապարհը` փաստացի Նոյեմբերյանը, Բերդն ու հարակից շրջանները կտրելով մարզկենտրոնից։ Կիրանց գյուղը զրկվում է ճանապարհից ու կամուրջից, Բերքաբերը զրկվում է վարելահողերից ու արոտավայրերից։ Կիրանցի վարելահողերն ու արոտավայրերը հայտնվում են ուղիղ նշանառության տակ։ Հարակից մի քանի շրջաններ, որոնք շրջապատում են Կիրանցն ու Բերաքաբերը մնում են «օդից կախված»։


Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից։

Ուղիղ նշանառության տակ են հայտնվում Բաղանիսը, Ոսկեպարն ու կենսական նշանակության տարածքները։ Փաշինյանի երազանքը, որ բոլորը կուրախանան, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մասնակի իրականություն դարձավ, պարզապես ուրախանալու քիչ բան կա։ Եթե նույնիսկ տրվենք ուտոպիական երազանքներին, որ Ադրբեջանն անգամ մի փամփուշտ չի կրակի, գյուղերը, միևնույնն է, կդատարկվեն։ Գյուղի, որպես կոնգլոմերացիա գործունեության համար անհրաժեշտ են կենսական ու օժանդակ տարածքներ՝ վարելահողեր, արոտավայր ու կոմունիկացիաներ։ Վերը նշված գյուղերը զրկվում են բոլոր այս տարածքներից։ Հետևաբար գյուղում կյանքը դառնում է անիմաստ, քանի որ չեն կարողանալու զբաղվել ո’չ անասնապահությամբ, ոչ հողագործությամբ։ Հետևաբար գոյատևելու համար պետք է տեղափոխվեն այլ՝ ավելի անվտանգ տարածք, որոնք Փաշինյանը դեռ չի հանձնել ադրբեջանցիներին։ Դրանից բացի Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ճանապարհի այն հատվածներում, որոնք ամբողջությամբ անցնելու են իր վերահսկողության տակ, անցակետեր դնել, ինչի նախադեպն արդեն կա։

Ճանապարհն ուղղակի հայտնվում է թշնամու դիտարկման տակ` պարզապես անհնարին դարձնելով այդտեղով երթևեկելը։ Այսինքն, մենք այս դավաճանական գործարքից ոչինչ չենք ստանում, ու եթե գոնե զրոյով դուրս գայինք, էլի լավ կլիներ։ Բայց մենք միայն կորցնում ենք ու կանգնում ենք է’լ ավելի մահաբեր խնդիրների առաջ, իսկ Ադրբեջանն իրականացնում է իր երազանքներն առանց մի փամփուշտ անգամ կրակելու։ Փաշինյանի նման ղեկավարը պարզապես եռագույն բանտիկով փաթաթած նվեր է ցանկացած հակառակորդի ու թշնամու համար։ Գնացքը շարունակում է իր ընթացքը, հաջորդ կայարանը՝ Ազատամուտ և Կայան։

Աղվան Ասոյան