ABCMEDIA
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն, խնդրահարույց շատ հարցեր են կուտակվել․ Կրեմլ

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն, խնդրահարույց շատ հարցեր են կուտակվել․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ քննարկելու բազմաթիվ հարցեր են կուտակվել. լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ «այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կլինեն»։

«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- նշել է Ուշակովը՝ հիշեցնելով, որ Փաշինյանն ինքն է ապրիլին հայտարարել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները ծանր ժամանակներ են ապրում, և վերջերս նկատելիորեն նվազել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումները։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում։ Թեև երկիրը դեռ դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։

«Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու տարբերակների դիտարկումը և ՆԱՏՕ-ի հետ կապերն ակտիվացումը, այսինքն՝ այժմ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են քննարկում առաջնորդների միջև», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նաև նշել է, որ Երևանը մեծ եկամուտներ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրատնտեսական կապերից։

Ուշակովը մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ 2022 թվականին հանրապետության համախառն ներքին արդյունքն աճել է 12,6 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ 8,7 տոկոսով։ Խոսելով Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ քաղաքական գործիչները բավական երկար ժամանակ չէին հանդիպել։ Նրանց վերջին անձնական շփումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ «Դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել, ուստի ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մենք շատ կարևորում ենք այս երկկողմ հանդիպումը, որը, ինձ թվում է, կօգնի շատ հարցերում դնել վերջակետ»,- եզրափակել է Ուշակովը։