Ադրբեջանը ցանկանում է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձևաչափը՝ միակողմանի զիջումներ թելադրելու համար․ Բագրատ Սրբազան
Իրական սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի։ Այսօր տեղի է ունենում միակողմանի պարտադրանքներով զիջման քաղաքականություն՝ ուժի, սպառնալիքի ներքո. միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիսի ընթացքում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշել է, որ մեր նպատակն ու խնդիրը պիտի լինի այս տրամաբանությունը փոխելն ու իրական բանակցությունների հասնելը։ Սրբազանը կարևորել է ԵԱՀԿ-ի միջնորդական ներկայությունն այս բանակցություններում։
«Իրական բանակցությունները պետք է լինեն միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորների ներգրավվածությամբ։ ԵԱՀԿ–ն շատ կարևոր հարթակ է, որը կարող է դառնալ այդ բանակցությունների կարևոր միջնորդը։ Այսօր սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի, գոյություն ունի ուժի սպառնալիք, միակողմանի զիջում և պարտադրանք։ Այսպիսի պայմաններով խաղաղություն չի կարող լինել, եթե մենք ձգտում ենք խաղաղության, ուրեմն մեր սահմանները պիտի ապահովված լինեն, այդ խաղաղությունը պետք է սահմանված լինի, եթե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, ապա պետք է խաղաղությունը սահմանված լինի։ Չի կարելի անել սահմանազատում և սահմանագծում, հետո որոշել կնքել խաղաղություն՝ առանց երաշխավորների։ Սա տրամաբանությունից դուրս է»,-ասել է Սրբազանը։
Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գաղափարից, Դուք ուզո՞ւմ եք վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին, Սրբազանն արձագանքել է․ «Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրագրումը կկատարի, և բանակցություններն էլ կընթանան ավելի թափանցիկ և վստահելի մակարդակի վրա։ Չեն լինի պարտադրանքներ, սպառնալիքներ, միակողմանի զիջման թելադրանքներ․ այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եվ հենց դրա համար է, որ Ադրբեջանը ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը։ Վերացնել ընդհանրապես և ընթանալ այն ճանապարհով, ինչը հիմա գոյություն ունի։ Պատրանքը, իմիտացիան տված է, թե բանակցություններ կան, բայց խորքում բանակցություններ տեղի չեն ունենում։ Աշխարհը մշակել է այդ սիստեմը, այդ հնարավորությունը, որն այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,-ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։