25 Նոյ
2024
9.8° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անցումային կառավարության անդամների անունները կան, կհրապարակվեն, երբ ժամանակը գա․ Բագրատ սրբազան

Անցումային կառավարության անդամների անունները կան, կհրապարակվեն, երբ ժամանակը գա․ Բագրատ սրբազան

Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ վստահելի, գործընկերային և կանխատեսելի հարաբերություններ, ոչ թե այսօրվա պես տարերային․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են ոչ միայն մեր մեղքով, այլև դիմացինի վարած քաղաքականության հետևանքով: 

Սրբազանի խոսքով՝ իրենք բազմաթիվ հարցեր ունեն ռուսական կողմին, դա միանշանակ այդպես է, բայց այսօր գոյություն ունեն իրավապայմանագրային հարաբերություններ երկուստեք, ոչ թե միակողմանի, իսկ դրանք պիտի կարգավորվեն: «Ինչ վերաբերում է այլ ուղղություններով զարգացումներին բնականաբար, մեր հարաբերությունները պիտի զարգանան առանց հակա-ների գաղափարի: Մենք չենք կարող հակամարտության կամ հակատրամադրությամբ զարգացնել հարաբերությունները: Եւ ամենակարևոր հարցը, բոլոր հարաբերությունների առանցքը պետք է լինի հայկական օրակարգը, ՀՀ շահը, ոչ պարզապես ըստ իրադարձությամբ պայմանավորված, այլև համապարփակ ծրագրված, կայուն, վստահելի գործընկերոջ համբավ ունենալով: Ոչ թե պարզապես թեքվելով այս կողմ, կամ այն կողմ, հյուսիս կամ հարավ, արևելք կամ արևմուտք: Հստակ գծով, ուղղությամբ առանցքը մշտապես պահելով՝ ՀՀ-ն ու հայկական օրակարգը: Այն, ինչ ծառայելու է մեր կյանքին»,-ասել է Սրբազանը:

Լրագրողի դիտարկմանը, թե այսօր շատերը ձեռնպահ են ու խուսափում են իջնել հրապարակ, քանի որ շարժումը չի հրապարակում հետագա անելիքներն ու ժամանակավոր կառավարության կազմը, Սրբազանը պատասխանել է, որ որ այդ հարցը կյանքի իրավունք և՛ ունի, և՛ չունի: «Երբ մարդկանց անուններ ենք նշում, անդրադարձ ենք ունենում, դժբախտաբար, մեր իրականությունն այնպիսին է, որ մարդիկ դառնում են պարզապես թիրախ։ Մենք նույնիսկ չգիտենք՝ այս մարդկանց կվնասե՞նք, թե՞ օգտակար կլինենք շարժմանը: Շատ շատերը հարցը պայմանավորում են այս կամ այն անձով,  իմ անձով լինի, մյուսի անձով լինի․ այսօր խնդիրը ՀՀ-ն է, մեր կյանքն է, մեր գոյությունն է, սա գոյութենական մարտ է ու պայքար»,-ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 Նրա խոսքով՝ եթե մարդիկ այդ մեծ հարցի մեջ տեսնում են, որ ուղղակի գոյութենական պայքար է, միանում են, առանց որևէ այլ պատճառաբանության: «Ես կույր հետևորդության մասին չեմ խոսում, բայց մեր քայլերի տրամաբանությունը հենց հուշում է դրա մասին: Իր ժամանակին, երբ ժամանակը  կհասնի, ըստ մեր մտածումների, օրակարգի, ծրագրի,  չենք բացառում նաև անուններ հայտնելը: Այդ անունները կան, այդ անունների հետ խոսել ենք, մենք նախապես նաև բազմաթիվ մասնագիտական խմբերի ենք հանդիպել, բազմաթիվ վերլուծություններ են եղել: Ամեն խմբերից անհատներից ներկայացվել են տարբեր ձևաչափերով  հակեցակարգեր, ինչպես նաև անուններ և այդ անունները կան ասպարեզում»,- ասել է Սրբազանը: