Հունիսի 12-ը վճռական օր է, բոլորիդ ներկայությունը չափազանց կարևոր է․ Բագրատ սրբազան
Քիչ առաջ քաղաքական թիմերի ներկայացուցիչների հետ հանդիպում ենք ունեցել, քննարկել ու խոսել այսօր տեղի ունեցածի մասին։ Չնայած այս գործողությունը մեզ համար անսպասելի, անակնկալ չէր, բայց պետք է համապատասխան գործողությամբ պատասխան ստանա։ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Եթե այս իշխանության լեգիտիմությունից խոսենք, պետք է պարզապես արձանագրենք՝ նրանք չունեն լեգիտիմություն։ Դուք, այո՛, ընտրվել եք, բայց խաբեությամբ։ Ստել եք ու ընտրվել։ Անդրադառնալով քննարկմանը՝ նշենք, որ առաջիկա օրերին այս վրանային ճամբարը մնալու է այստեղ։ Իհարկե, ամիսներով չի մնա և կմնա իմ նշած 96 ժամում։ Վաղն առավոտից, տարբեր գործողություններ պիտի տեղի ունենան, որոնք չեմ ասի հիմա։ Մենք երեկոյան մնալու ենք այտեղ։ Այսօր որևէ գործողություն տեղի չի ունենա, կմնան վրանային ճամբարները»,- ասել է սրբազանը։
Նրա խոսքով՝ բավական կարևոր օր է հունիսի 12-ը։
«Ամսի 12-ը մեզ համար չափազանց կարևոր է, որ այստեղ գտնվեք։ Առիթն օգտագործելով դիմում եմ բոլորին․ արտահայտեք ձեր անհամաձայնությունը այս գործողություններին ու ներկա եղեք այստեղ։ Ամսի 12-ը մեզ բոլորիս համար շատ կարևոր հանգրվան է լինելու»,- ասել է Բագրատ սրբազանը։
Սրբազանը նաև նշել է, որ ժողովրդական ճնշում ասվածը պետք է տեղ հասցնի իր ներգործությունը։