24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանական ուժերն Աբրահամ Գասպարյանին թիրախավորել են դիտավորությամբ․ «Թաթոյան» հիմնադրամի զեկույցից

Ոստիկանական ուժերն Աբրահամ Գասպարյանին թիրախավորել են դիտավորությամբ․ «Թաթոյան» հիմնադրամի զեկույցից

«Թաթոյան» հիմնադրամը հատուկ զեկույց է հրապարակել հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցող հավաքի ընթացքում ոստիկանության գործողությունների՝ ներառյան հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ։ Ի թիվս բռնության այլ դեպքերի, հիմնադրամի զեկույցում անդրադարձ կա նաև Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանին ծեծի ենթարկելու միջադեպին։ «Կարմիր բերետավորներ» ոստիկանների կողմից ապօրինի գործողությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, այդ թվում՝ մեկնաբան-հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանի հետ կապված միջադեպը, ով բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել «կարմիր և սև բերետավոր» ոստիկանների կողմից. ասված է «Թաթոյան» հիմնադրամի զեկույցում։

2024 թվականի հունիսի 13-ին մի քանի լրագրող դիմել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ՝ հայտնելով, որ 2024թ. հունիսի 12-ի՝ երեկոյան ժամը 17:30-18:00-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանական ուժերը դիտավորյալ թիրախավորել և բռնության են ենթարկել հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանին։

Ականատես լրագրողները, Աբրահամ Գասպարյանի կինը և անձամբ պարոն Գասպարյանը հիմնադրամին հայտնել են, որ կարճ ժամանակով բացվել են «կարմիր բերետավոր» ոստիկանների շարքերը, որից հետո մինչև 6 «կարմիր և սև բերետավոր» սպաներ մատնացույց են արել Աբրահամին և կոչ արել մյուս սպաներին քաշել նրան տեսախցիկների առջևից։ Տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Գասպարյանին ոստիկանների շարքը քաշելուց հետո մոտ 20 «կարմիր և սև բերետավոր» սպաներ հարձակվել են նրա վրա, բռնի ուժով մերկացրել՝ թողնելով միայն ներքնազգեստով։ Այնուհետև դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածելով և՛ մարմնին, և՛ դեմքին՝ ասելով. «Դու պետք է մեռնես»։

Աբրահամ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ նա ուշագնաց է եղել՝ ոստիկանների կողմից իրեն հասցված ծեծի հետևանքով։ Դրանից հետո ոստիկանները նրա դեմքին ջուր են լցրել՝ մաքրելու արյան հետքերը, իսկ հետո քաշքշել և շարունակել իրենց հարձակումը, որի ընթացքում նա շարունակել է մնալ առանց հագուստ և արնաշաղախ գլխով։ Երբ պարոն Գասպարյանը կորցրել է գիտակցությունը, մոտեցել է ոստիկանության բժիշկը և փորձել ուշքի բերել նրան, ջուր է ցանել դեմքին՝ արյունը մաքրելու համար։ Այնուհետև կարմիր և սև բերետավորները պարոն Գասպարյանին նստեցրել են ոստիկանական «Գազել» մեքենան։

Նրան թույլ են տվել հագուստ հագնել միայն ոստիկանական մեքենայում։ Ըստ տեղեկությունների՝ պարոն Գասպարյանը դաժան ծեծի ենթարկվելուց և նվաստացվելուց հետո, պատառոտված շորերով, արյունոտ գլխով, ոտաբոբիկ և հեռախոսը անհայտ սպայի մոտ գտնվելով, տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Պարոն Գասպարյանը նշել է, որ տարակուսանք է առաջացրել այն, որ իրեն տարել են Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք, ինչը տևել է մոտ 1 ժամ 10 րոպե, թեպետ դեպքերը տեղի են ունեցել Բաղրամյան պողոտայում։ Իրավական տեսանկյունից՝ նրան պետք է բերման ենթարկեին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հաղորդվել է նաև, որ պարոն Գասպարյանն արյունահոսել է ողջ ճանապարհի ընթացքում։ Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո պարզվել է, որ Աբրահամ Գասպարյանի ոսկյա շղթան և դրամապանակը գողացել են։ Ազատ արձակվելուց հետո Աբրահամ Գասպարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ հոսպիտալացվել է ուղեղի ցնցում, վերքեր, փափուկ հյուսվածքների բազմաթիվ վնասվածքներ, կողոսկրի կոտրվածք ախտորոշմամբ»։