Պուտինը ավելի ու ավելի է կախված դառնում այնպիսի երկրներից, ինչպիսին Ադրբեջանն է. արևմտյան մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից մեկ օր անց նավթով հարուստ հարավկովկասյան այդ երկիրը պաշտոնապես դիմել է զարգացող տնտեսությունների՝ ԲՐԻՔՍ բլոկին միանալու համար․ գրել է AP News–ը: Մոսկվան ցանկանում է ամրապնդել տարածաշրջանային կապերը և պահել առևտրային ուղիներն իր վերահսկողության տակ։
Արդեն իսկ ԲՐԻՔՍ–ի կազմում են նավթի աշխարհի խոշորագույն արտադրողներից մի քանիսը, իսկ նրա ՀՆԱ–ն կազմում է համաշխարհային ՀՆԱ–ի ավելի քան մեկ քառորդը: Նրա անդամներ Ռուսաստանի և Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ հասել են բեկման՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության պատճառով:
Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով՝ Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված՝ Պուտինը ավելի ու ավելի է կախված այնպիսի երկրներից, ինչպիսին Ադրբեջանն է՝ համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար:
«Ադրբեջանի համար Մոսկվայի բարի կամքի պահպանումը կարևոր է ազգային անվտանգության համար՝ կապված հարևան Հայաստանի հետ լարվածության հետ»,- ասել է Ալիզադեն։ Նրա կարծիքով՝ Բաքուն դեռ հույս ունի, որ Մոսկվան կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հարաբերությունները կարգավորելու համար։ «Ռուսաստանը կարող է արագացնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը», – նշել է քաղաքագետը:
POLITICO–ն գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում փորձում էր ԲՐԻՔՍ–ը ներկայցնել որպես Արևմուտքին մարտահրավեր նետելու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված պատժամիջոցներից խուսափելու Մոսկվայի ջանքերի մաս: Միևնույն ժամանակ, սակայն, Ադրբեջանը դարձել է Եվրոպայի համար կարևոր էներգետիկ գործընկեր՝ 2022 թվականի կեսերին պայմանագիր կնքելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ օգնելու մայրցամաքին հրաժարվել ռուսական նավթից և գազից:
Հանածո վառելիքով հարուստ պետությունն այդ ժամանակվանից դարձել է ԵՄ–ի հիմնական առևտրային գործընկերը՝ չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով պատժամիջոցների ենթարկելու կոչերին: Հատկանշական է, որ Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ–ի կլիմայի վերաբերյալ COP29-ի բանակցությունները: