Մենք վերանայել ենք մեր ծրագիրը, մեթոդաբանությունը, մարտավարությունը ամեն բան. Այսօր ուղիղ եթերում ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա կրկնել է՝ իրենց աննահանջ պայքարը սահմանափակված չէ կուսակցական գաղափարաբանությամբ, այլ բոլոր նրանց պայքարն է, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից, քննադատությունից:
Սրբազանի խոսքով՝ մենք կանգնած ենք աղետի մեջ, եթե չասենք, որ շարունակական աղետի մեջ ենք, իսկ ծրագիրը «չարիքի հեռացումն է»:
Քննադատողներին, ծրագիր չունենալու մեջ մեղադրողներին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկել է սեփական ծրագիրն ունենալ:
«Նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան և իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է, բոլորինն անխտիր, թող իրականացնեն այդ ծրագիրը, հանձն առնեն և իրականացնեն»,-ասել է սրբազանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աջակցել բոլոր նրանց, ովքեր քաղաքական ու գաղափարական ծրագիր ունեն, բայց իրականացնելու հնարավորություն չունեն:
«Ես չեմ ասում` առանձին իրականացնեն, թեպետ և առանձին էլ կարող են: Միասին մենք ծրագիր էլ ունենք, տեսիլք էլ ունենք, ճանապարհ էլ ունենք, ուրիշ հարց, որ երբեմն այդ ճանապարհը այս կամ այն պատճառով որոշակի դժվարություններ է կրում: Այդուհանդերձ մեր միտքը մեկն է, ծրագիրը հստակ կերպով տրված է, թե ինչ պիտի տեղի ունենա փոփոխության ժամանակ, և ինչ պետք է տեղի ունենա մի քիչ ավելի երկար, կամ միջնաժամկետ հեռանկարում, այդ փոփոխություններից հետո ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում»,-ասել է Սրբազանը: