Եթե պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, կարիք կլինի Սահմանադրությունը փոխել. ՄԱԿ-ի գագաթնաժողովում Փաշինյանի ելույթի առանցքային կետերը
Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման և սահմանագծման կանոնակարգը, ինչը հաստատում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։
Հիմա արդեն դե յուրե հաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն։
Ես առաջարկել եմ ստորագրել արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագիրը և հետագա հարցերը շարունակել բանակցությունների միջոցով։
Մեր առաջարկած պայմանագրի առնվազն 80 տոկոսը արդեն համաձայնեցված է։
Պայմանագիրը զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։
Պայմանագրի արդեն համաձայնեցված մասերը գործիքներ են ստեղծում։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Երկրորդ գործիքը խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող համատեղ հանձնաժողովն է։
Այս ամենը կնպաստի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխությանը։
Մենք առաջարկել ենք արդեն համաձայնեցված դրույթները ստորագրել՝ խուսափելով փակուղի մտնելու վտանգից։
Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։
Մենք համաձայնեցրել ենք, որ պայմանագրի համաձայն կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը՝ համաձայնագիրը չկատարելու համար։
Պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և կստեղծի իրավական երաշխիքներ դրանց հիմնարար լուծման համար։
Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ դա հավանական չէ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար։