Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։ Նեղ կազմով հանդիպումն անցկացվում է առանց մամուլի մասնակցության:
Մինչ միջոցառման մեկնարկը կողմերը մասնակցել են համատեղ լուսանկարահանման արարողակարգին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել էր, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ԱՊՀ ձևաչափում բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ներառյալ տնտեսական ինտեգրման խորացումը, ավանդական և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելը, մշակութային և հումանիտար ոլորտների առնչվող հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվելու 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքներին։ Բացի այդ՝ ակնկալվում է նախարարների մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդի թեմաների շուրջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ իր ծննդյան օրը,
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական շփումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 8-ին նախատեսվում է Համագործակցության պաշտոնական գագաթնաժողովը։