Երևանում կասեցրել են «Հալեպի շուկայի» գործունեությունը, սփյուռքահայ գործարարները փաստի առաջ են կանգնել
Հանրապետության հրապարակին հարակից գետնանցումում գործող «Հալեպի շուկան» կապարակնքվել է: Ավելի քան 20 տաղավար փակ է: Սիրիահայերը հավաքում են իրերը:
«Արդեն մեկ տարի է՝ այս քաշքշուկի մեջ ենք: Նախկին վարձակալն այս տարածքը վարձակալել էր ու ենթավարձակալությամբ տրամադրել էր մեզ: Իր վարձակալության ժամկետը լրացել է, իսկ նոր պայմանագիր չի կնքել: Հիմնական խնդիրն այս է: Դրանից զատ, մետրոյի տնօրինությունից ասացին, որ մեզ վարձակալության նոր պայմանագիր կտան, բայց նոր տարվանից առ այսօր սպասում ենք»,- ABC media-ի հետ զրույցում ասել է ձեռներեց Գէորգ Պարսումեանը:
Նրա խոսքով՝ վարձակալողը նաև դիմում է ներկայացրել, որ իր վարձակալած տարածքի գույքն իրենն է:
«Հարկադիր կատարողն արդեն այսօր եկել է, տաղավարները դատարկելու համար 20 րոպե ժամանակ տվել: Իրերը հանել ենք: Նախկին վարձակալողն էլ գույքն է ուզում: Ասում է՝ օրինակ պատուհանն իմն է: Բայց ամեն ինչ այստեղ աշխատողներն են գնել ու հարմարեցրել իրենց տաղավարներին»,- պատմել է սիրիահայ գործարարը:
Նրա խոսքով՝ իրենց որևէ մեկը չի զգուշացրել քանդելու մասին: Հարկադիր ծառայողները եկել են ու ժամանակ են տվել: Այդ շուկայում գործում էր 22 տաղավար, որոնց մեծ մասն արդեն կապարակնքված է: