22 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը պաշտոնազրկելու համար նախ պետք է հաղթել նրա՝ մեր դեմ հայտարարած «հիշողության» պատերազմում․ Աշոտյան

Փաշինյանը պաշտոնազրկելու համար նախ պետք է հաղթել նրա՝ մեր դեմ հայտարարած «հիշողության» պատերազմում․ Աշոտյան

ԱԺ ընտրություններից անցել է 2 շաբաթ, և սպասելի էր, որ կրքերը չեն հանդարտվելու նման զարհուրելի էլեկտորալ բեմադրությունից հետո․ «Վարդաշեն» ՔԿՀ-ից գրում է ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

«Սակայն խնդիրն ավելի խորքային է, քան կեղծված ընտրությունների արդյունքը կամ այդպես էլ չհանգուցալուծված ճգնաժամն է:
Իրոք, ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել Նիկոլի պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:

Կարծում եմ, որ բնական էր և անխուսափելի, որ միայն քաղաքական գործիքակազմով, այն է՝ խորհրդարանական ընտրություններով՝ 2020-ից առկա ճգնաժամը չէր հանգուցալուծվելու: Բացատրությունն էլ հստակ է՝ 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը գտնվում է շարունակվող, հյուծող, բզկտող՝ ոչ թե քաղաքական, այլ՝ արժեհամակարգային ճգնաժամի մեջ:

Անցած ընտրություններին մենք՝ որպես հասարակություն, ընտրում էինք ոչ միայն ապագայի ուղիների, այլև անցյալի գնահատականների միջև: Մեր քվեարկությամբ մենք պատասխանում էինք ոչ միայն՝ «որտե՞ղ գնանք», այլև՝ «որտեղի՞ց ենք գալիս» հարցին:

Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ բոլոր խայտառակ ճնշումներով, կեղծիքներով, միջամտություններով և նախընտրակաշառքներով հանդերձ՝ Փաշինյանին հաջողվել է ձևավորել իր քայքայիչ, ռևիզիոնիստական «նոր բարոյականության» երկրպագուների բազմությունը: Այո՛, նա դեռ չունի այդ օրակարգի շուրջ մեծամասնություն, բայց միացյալ ընդդիմությունն էլ պիտի արձանագրի, որ «դասական հայրենասիրության» շուրջ այլևս չկա մեծամասնություն:

Նախընտրական արշավի ընթացքում, պատկերավոր ասած՝ առաջին խաղատախտակը «ստամոքսի» մասին էր՝ թոշակներից մինչև նոր աշխատատեղեր, բայց առնվազն երկրորդ խաղատախտակը «սրտի» մասին էր՝ «Արարատից՝ Արագած»:

Բոլորովին չթերագնահատելով «ստամոքսի» էլեկտորալ և մոբիլիզացիոն պոտենցիալը, շեշտում եմ, որ Հայաստանի ապագայի համար մղվող գոյաբանական մարտադաշտը «սիրտն» է՝ մեր անցյալի համար մղվող պայքարը:
Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ», և եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան, ապա նախ պիտի հաղթել նրան հենց այդ՝ «հիշողության» պատերազմում:
Ինչպես հռոմեացի պատմաբան Տակիտոսն էր դիմում. «Մարտի մեկնողներ, հիշե՛ք թե՛ ձեր ժառանգներին, թե՛ ձեր նախնիներին»»,- նամակ-հոդվածում գրել է նախկին նախարարը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026