
ՌԴ-ում կոչ են արել ՀՀ-ին հիշել՝ աշխարհաքաղաքական սխալները երբեմն կարող են շտկվել, բայց որոշ որոշումների հետևանքներն անշրջելի են դառնում
Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրու ռուսական ռազմաբազայից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի՝ Հայաստանին «կխժռեն»․ կարծում է Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։
«Այս բազան հակակշռում է որոշակի սպառնալիքներ։ Այն արդարացիորեն այնտեղ է եղել մի քանի տասնամյակ։ Պետք չէ երես թեքել դաշնակիցներից. կխժռեն անմիջապես։ Դա փոքր երկիր է։ Ռուսաստանը միշտ օգնել է Հայաստանին, և մեր ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար լավ են եղել», – РИА Новости-ի հետ զրույցում նշել է Կոլեսնիկը։
Պատգամավորը հավելել է, որ երկրների միջև հարաբերություններն ավելի են բարդացել։ Կոլեսնիկը կարծում է, որ Փաշինյանը պետք է հստակ ընտրություն կատարի դաշնակիցների շրջանում և չփորձի «նստել երկու աթոռի վրա»։
«Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,- ընդգծել է պատգամավորը։
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան էլ նշել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ռազմավարական որոշումներ է կայացնում։ Խորհրդարանականը նշել է, որ նման քաղաքական ինքնավստահությունն իրական հետևանքներ ունի Հայաստանի տնտեսության, անվտանգության և տարածաշրջանում դիրքի համար։
Պատգամավորը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել, որ աշխարհաքաղաքական սխալները երբեմն կարող են շտկվել, բայց որոշ որոշումների հետևանքները դառնում են անշրջելի։


