
Այնպես չէ, որ մենք ռուսական ռազմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն, եթե որոշեն հանել, չենք առարկի․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, մենք պետք է ինվենտարիզացիայի ենթարկենք «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը՝ պատկերացում կազմելու համար, թե գործնականում դա ինչ է նշանակում․ այսօր հրավիրած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հատվածները՝ կետերով․
- Այնպես չէ, որ մենք ռուսական ռազմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն։ Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ տարածքից, չենք առարկի։
- Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավարին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր ՌԴ-ն կարող է անել Հայաստանին՝ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։
- Իսկ ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ իրենց ամբողջ գոյության ընթացքում լինելու են ԵԱՏՄ անդամ: Այո՛, կողմնորոշվելու ժամկետը դրված է, կողմնորոշվելուց 6 ամիս առաջ պետք է այդ մասին տեղյակ պահել։
- «Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ ՀՀ կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել: Ես «սրտի օլիգարխ» չունեմ։ Եվ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, Նարեկ Նալբանդյանն է։ Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան։
- Մեր ընտանիքը որևէ բիզնեսի մեջ չկա, մենք գործարար հետաքրքրություններ չունենք։
- Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ասել եմ Քյարքիի մասին։ Ինչ որ ասել եմ, ասել եմ նաև նախընտրական շրջանում, խոսել եմ անկլավների մասին, որևէ նորություն դրանում չկա։
- Այս 8 տարիների ընթացքում ինչո՞ւ որևէ գործ չհարուցվեց Սամվել Ալեքսանյանի դեմ․ հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Ես Գագիկ Ծառուկյանի գործարանի բացմանն էլ եմ գնացել, Նարեկ Նալբանդյանի գործարանի բացմանն էլ, ուզում եմ ասել, որ դա ոիչինչ չի նշանակում»։
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իրավապահներին՝ սկսած պատգարակը բռնողներից, որ սիմուլյանտին տարել են այն տեղը, ուր պիտի տանեին։ Այդ տեսարանը տեսնելով՝ թող բոլոր կոռուպցիոներները տեսնեն, որ որևէ մեկը չի «պլստալու»․ Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին։
- Ալիևի հետ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը Բիշքեկում չի քննարկվել։
- ՀՀ-ն ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարց չի քննարկել։
- Ռուսաստանի հետ քննարկում ենք նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետև իրենք մեծ փորձ ունեն։ Ուրախ կլինենք, որ այդ հարցում մեզ աջակցեն։


