
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ցույցերի մասնակիցներին՝ երկրի բյուջեն լցնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ գոհ է Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցող ցույցերից, քանի որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող տուգանքները համալրում են բյուջեն։
«Ընդդիմությունը ծանր վիճակում է, ամեն օր 300 մասնակցով հանրահավաքներ են անում, դա իրենց համար ծեսի պես մի բան է՝ մեկ ժամով փողոց են փակում ու գնում տուն»,- Imedi հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ կուսակցությունները երկրում մոլորված են և վատ վիճակում։
«Իրենց ոտքով գալիս են, լցնում են պետբյուջեն, օրական տասնյակ հազարավոր լարի են վճարում բյուջե, դրա համար կարող ենք նույնիսկ շնորհակալություն հայտնել նրանց: Կուսակցություններն էլ մոլորված են: Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում են: Նրանք իրենց ներսում շատ դժվար հարաբերություններ ունեն՝ ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույնիսկ կուսակցությունների ներսում լարվածություն կա»,- ասել է Կոբախիձեն: