
Հուսիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիները ստանձնել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի հերթական հրթիռակոծման պատասխանատվությունը․ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռով։
«Եմենի հրթիռային զորքերը գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով Յաֆոյի (Թել Ավիվ – խմբ.) շրջանից հարավ գտնվող իսրայելական ռազմական օբյեկտը։ Հրթիռը հաջողությամբ հասել է նշանակետին, հակաօդային համակարգերը չեն կարողացել խոցել այն»,- նշել է Յահյա Սարիան։
Իսրայելի բանակն ավելի վաղ գրանցել էր երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում Եմենից։ Բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ հրթիռը խոցվել է նախքան Իսրայելի օդային տարածք հասնելը։ Երկրի մի քանի շրջաններում գործել են հրթիռային վտանգի մասին նախազգուշացնող շչակները։