
Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով «5-րդ շարասյուն»․ Արման Թաթոյան
Ադրբեջանի իշխանությունն
ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ
շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել, գրել է ՀՀ մարդու
իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր
վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը:
Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:
Այս ամենը լայնածավալ ներկայացվում
է` որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ
որում, խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների
մասին է։
Ավերված կամ կիսաքանդ հայկական
եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային
հուշարձաններ:
Այս ամենն արվում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում, որով նկատի
է ունեցվում ամբողջ Հայաստանը։
Այս կեղծ հայեցակարգը սահմանում է նաև, որ Հայաստանը պարտավոր է «վերականգնել և
պաշտպանել ադրբեջանական ավերված մշակութային ժառանգությունը` որպես հաշտեցման նախապայման»:
Արտաքին աշխարհի համար նախատեսված այս արտաքուստ մարդասիրական պահանջի ներքո իրականում
ադրբեջանական իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:
Այս դիրքերից Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ՝
փորձելով վարկաբեկել հայոց եկեղեցին, Հայաստանին մեղադրել ալբանական կամ ուդիական եկեղեցիները
«յուրացնելու» մեջ:
Ադրբեջանի իշխանությունը ջանքեր է գործադրում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև
դրսում կրոնական թշնամանք բորբոքել հայերի նկատմամբ։
Ադրբեջանի նախագահը մուսուլմանական աշխարհին մի քանի անգամ կոչ է արել վրեժխնդիր
լինել հայերից ու Հայաստանից՝ բացարձակ կեղծիքով մեղադրելով մեր ժողովրդին իսլամաֆոբիայի
մեջ:
Այս կոչը, ըստ էության, ադրբեջանական ագրեսիվ հարձակումն է ողջ քրիստոնեական համայնքի
վրա:
Իրականում, իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում
են որպես բարեկամներ։ Այս ամենն ապացույցներով ամրագրված է մեր հատուկ զեկույցներում
և ներկայացվում է միջազգային հանրությանը»,- գրել է Արման Թաթոյանը: