ABCMEDIA
Ողբերգությունը կանխելու միակ միջոցը անկախության ճանաչումն է․ Արցախի ԱԺ հայտարարությունը

Ողբերգությունը կանխելու միակ միջոցը անկախության ճանաչումն է․ Արցախի ԱԺ հայտարարությունը

Արցախի հանրապետության
Ազգային ժողովը ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ կոչ անելով ճանաչել
Արցախի անկախությունը։

«Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել
է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության
համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու
մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն
ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ
կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև
կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի
բոլոր նորմերը»,-ասված է ԱԺ ընդունած հայտարարության տեքստում։

Նշվում է, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային
Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է։

«Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից
ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի
երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար
բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության,
երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը»,-ասված է հայտարարության մեջ։