ABCMEDIA
Ցույց տվեցինք, որ ճանապարհի բաց լինելու մասին Ալիևի հայտարարությունները կեղծ են․ Արցախ մեկնել փորձած ակցիայի մասնակից

Ցույց տվեցինք, որ ճանապարհի բաց լինելու մասին Ալիևի հայտարարությունները կեղծ են․ Արցախ մեկնել փորձած ակցիայի մասնակից

Մի խումբ արցախցիներ երեկ լրագրողների ուղեկցությամբ Երևանից գնացել
են Կոռնիձոր՝ փորձելով հասնել Հաքարի կամուրջ և, հատելով ադրբեջանական անցակետը, մեկնել
Արցախ։ Մինչ մեկնումը այցի մասին տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ-ին։

«Հայկական հենակետ հասնելուն պես մեզ լավ դիմավորեցին, այնուհետև
ասացինք, որ ունենք ԱԱԾ-ի թույլտվությունը։ Դրան ի պատասխան, աշխատակիցներն ասացին,
որ այստեղ արդեն այլ կանոնակարգ է գործում, և ճանապարհը շարունակելու համար պետք է
դիմել ռուսական հրամանատարությանը։  Ռուս խաղաղապահների ներկայացուցիչները պետք
է ժամանեին չեզոք գոտի, դիմավորեին մեզ և տանեին անցակետ»,-ABC Media-ի  հետ զրույցում
պատմեց ակցիայի մասնակիցներից Արմինե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝  իրենք ցանկանում էին աշխարհին ցույց տալ, որ
Ալիևի հայտարարությունները, թե ճանապարհը բաց է և Արցախ հասնելու որևէ խոչընդոտ չկա,
սուտ են։

«Հայկական հենակետում սպասեցինք չորս ժամ, փորձեցինք իրենց տրամադրած
համարով կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, բայց ոչ մեկը չպատասխանեց, չմոտեցան։
Փորձեցինք այլ միջոցներով կապ հաստատել, ասացին, որ չեն կարող դա կազմակերպել»,-պատմեց
Արմինե Մարտիրոսյանը։

Չկարողանալով շարունակել ճանապարհը՝ մասնակիցները վերադարձել են
Գորիս, հանդիպել դեռևս Գորիսում մնացած արցախցիներին  և ապա եկել Երևան։

«Պետք է շարունակել միջանցքի բացման համար տարբեր տեսակի աշխատանքներ
տանել։ Նստել ու սպասել Ալիևի հայտարարություններին՝ անիմաստ է։ Առաջին հայացքից յուրաքանչյուրի
քայլը կարող է անհեթեթ թվալ, բայց ամեն օր նոր գործողությունների պետք է դիմել։ ճանապարհը
պետք է բացվի։ Տարածքից բացի, մեր հայրենակիցներին ենք կորցնում»,-ասաց մասնակիցը։

Արմինե Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրենք հասել են իրենց նպատակին՝
միջազգային հանրությանը ցույց են տվել, որ Ալիևը խաբում է։

«Մեր մյուս նպատակն այն էր, որ խոսվի թեմայի մասին, քանի որ շատ
ժամանակ թվում է, թե Արցախի շրջափակման հարցը մոռացվել է »,-ասաց Արմինե Մարտիրոսյանը։