ABCMEDIA
Առանց պատերազմի, ավելի արդար և երկարատև լուծման ճանապարհ կա․ Վարդան Օսկանյան

Առանց պատերազմի, ավելի արդար և երկարատև լուծման ճանապարհ կա․ Վարդան Օսկանյան

Փաշինյանն ինչ անում է, շատ պարզ է, այդտեղ վերլուծելու հարց չկա,
շատ հստակ ընդունում է, որ Արցախն արդեն Ադրբեջանի մաս է և դրա դիմաց որևէ պահանջ չկա․
ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան
Օսկանյանը։

Նա նշել է՝ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախն ամբողջությամբ՝
իր 120,000 բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։ «Խոսակցությունները, որ Ստեփանակերտն
ու Բաքուն երկխոսություն ունենան և այլն, դա ժողովրդի աչքին թոզ փչել է, փաստաթուղթը
ստորագրելուց հետո համարեք, որ Արցախը լուծարվել է Ադրբեջանում և հարցը փակված է»,-ասել
է նա։

Օսկանյանն ընդգծել է՝ Փաշինյանի արածը, բացի այն, որ անընդունելի
է և անհասկանալի,  նաև անիրատեսական է։

«Նա ուզում է  տալ մի բան նախ իրենը չի, որ տա, նա ուզում
է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին, այնտեղ հայեր են
ապրել, ինքը ուզում է տալ մի տարածք, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, չկա,
մի տարածք, որը նույնիսկ Սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, ուզում
է տալ մի տարածք, որը նախկին 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Տա, որ լուծարվի
իր ժողովրդով հանդերձ։ Այսօր աշխարհում 50-ից ավելի ինքնորոշման շարժումներ կան, որը
մեկը այն գործընթացից չի հրաժարվել, մենք՝ հայերս առաջինն ենք լինելու»,-ասել է Օսկանյանը։

Օսկանյանի պնդմամբ՝ նման փաստաթուղթ ստորագրելու դեպքում Հայաստանը
կմտնի խորն անկայունության փուլ, որից դուրս գալը դժվար կլինի։ Ըստ ԱԳ նախկին նախարարի՝
Փաշինյանն ինչ անում է, խաղաղություն չի կարող բերել, դա կարող է լավ հարաբերություններ
բերել Փաշինյանի իշխանությանն ու Ադրբեջանի միջև, բայց ոչ երբեք հայ և ադրբեջանցի ժողովուրդների
միջև։

«Փաշինյանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, ուզում եմ ժողովրդի
ուղեղում լավ տպավորվի՝ այլընտրանք կա առանց պատերազմի, ավելի արդար ու երկարատև լուծման
հասնելու։ Մյուս ճանապարհն իրատեսական չէ, և Փաշինյանին կոչ եմ անում վերանայել իր
քաղաքականությունը, մենք բոլորս պատրաստ ենք համախմբվելու»,-ասել է Օսկանյանը։