
Ուիթքոֆն ու Վենսը Նեթանյահուին Գազայի վերաբերյալ կոշտ ուղերձ են փոխանցել
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ապահովել համաչափություն պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից ենթադրյալ խախտումների նկատմամբ ցանկացած արձագանքում՝ Գազայի հատվածում հրադադարը պահպանելու համար․ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ինչպես նշում է թերթը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին և միջնորդական ջանքերին մասնակցող արաբ ներկայացուցիչներին, Իսրայելը զգուշորեն է արձագանքել իր երկու զինվորների սպանությանը՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով՝ բանակցությունների խափանումը կանխելու համար։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի քարտուղարությունը հայտնել էր, որ կիրակի օրը երկու զինվոր է զոհվել պաղեստինյան արմատականների կողմից՝ Գազայի հարավում հարձակման հետևանքով։ Իսրայելական բանակը նաև հայտնել է, որ գրանցել է հրադադարի լուրջ խախտում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ-ի տասնյակ թիրախների վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիան անում է ամեն ինչ՝ Գազայում հրադադարն ապահովելու համար։
Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը պահպանում է հրադադարը և բացահայտ արտահայտել է իր վճռականությունը. «Այնուամենայնիվ, Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, պետք է ավելին անեն՝ Իսրայելի կողմից հրադադարի և համաձայնագրերի լիակատար պահպանումն ապահովելու համար։ Այս գործընթացում կարևոր է բավարար դիվանագիտական ճնշում գործադրել Իսրայելի վրա։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։


