
Ներկայիս կառավարիչներին այլևս չի հետաքրքրում սեփական երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ 44-օրյա պատերազմի հետևանքներին՝ նշելով, որ դրանք չեն սահմանափակվելու միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով։
Պատգամավորի խոսքով՝ պատերազմի ծանր հետևանքները տասնյակ ձևերով ազդելու են երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա։
Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է հաղթահարել այս ընթացքը միայն այն դեպքում, եթե վերլուծվեն և հանրայնացվեն թե՛ պատերազմին նախորդած, թե՛ դրան հաջորդած դիվանագիտական, ռազմական ու քաղաքական գործընթացները, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։
«Բնական է, որ այս իշխանավարման ընթացքում դա անհնար է»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը փաստացի շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի պետական և ազգային շահերն են, այլ՝ նեղ կուսակցականը։
Աբրահամյանը հավելեց, որ ներկայիս կառավարիչներին այլևս չի հետաքրքրում սեփական երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը։


